Պետական համակարգում պրեմյա՝ ում համար կա, ում համար չկա
2016-12-08 11:41:00

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում հավանության է արժանացրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի առաջարկությանը, ըստ որի՝  կառավարության թույլատրել է ՊԵԿ-ին Սյունիքի տարածաշրջանի մաքսատան շինարարության ծրագրի համար նախատեսված միջոցներից 800 միլիոն դրամն ուղղել ՊԵԿ աշխատակիցների նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների և Ամանորի առիթով պարգևատրումներին:

«Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների 2-րդ փուլը 2016 թվականին չի կատարվելու, ուստի չօգտագործվող գումարներից 800.0 մլն դրամը առաջարկում ենք ուղղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև Ամանորի տոների կապակցությամբ պարգևատրումներ հատկացնելու նպատակին, քանի որ 2016 թվականի ՀՀ պետական բյուջեով պարգևատրման համար նախատեսված միջոցներից պարգևատրման ֆոնդը պակասեցվել է 1 մլն դրամով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Կարեն Կարապետյանը հավանություն է տվել իր թիմակցի առաջարկին և փաստորեն ՊԵԿ աշխատակազմի ամանորյա պարգևատրումների հարցը լուծում է ստացել: Այս որոշումը պետական համակարգի բազմաթիվ գերատեսչություններում ընդունել են իբրև տարօրինակ երևույթ:

Բանն այն է, որ պետական ապարատի կրճատումների մասին խոսակցություններից զատ՝ տարբեր նախարարություններում ասվել է, որ այս տարի ամանորյա պարգևատրումներ պետծառայողներին չեն տրվելու, քանի որ կառավարությունից հանձնարարական է իջեցվել ՝տնտեսված բոլոր գումարները վերադարձնել բյուջե՝ ֆինանսների նախարարություն:

Այս ֆոնին կառավարության որոշումը՝ Սյունիքի տարածաշրջանի մաքսատան շինարարության գումարը հատկացել ՊԵԿ աշխատողներին իբրև պարգևավճար, չափազանց խորհրդանշական է:

Ստացվում է, որ ՊԵԿ աշխատակիցներն իրավունք ունեն ստանալ պարգևավճար, ընդ որում ոչ միայն Նոր տարվա տոների առիթով, որը պետական համակարգում ընդունված ավանդույթ է, այլ նաև ոչ տոնական նոյեմբեր ամսին: Մինչդեռ մյուսներին կարող է և ոչինչ էլ չտրվել:

Այսինքն՝ պետական համակարգում պրեմյա՝ ում համար կա, ում համար չկա: Բայց սա դեռ ոչինչ՝ չինովնիկական արդարության խնդիրը երբեք կուռ ու միասնական տրամաբանություն չի ունեցել: Տնտեսական տեսանկյունից ամենամեծ աբսուրդն այն է, որ շինարարության համար նախատեսված գումարը, որը համարվում է կապիտալ ծախս, ուղղվում է պարգևատրման ֆոնդին:

Սովորաբար, եթե բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերը ինչ-ինչ պատճառներով տվյալ տարվա ընթացքում չեն իրականացվում, ծրագիրը և դրան հատկացված գումարները տեղափոխվում են հաջորդ տարվա բյուջե:

Հարց է առաւջանում՝ իսկ ի՞նչ միջոցներով է կառուցվելու Սյունիքի տարածաշրջանի մաքսատունը, թե՞ կառավարությունը որոշել է ընդմիշտ հրաժարվել հիշյալ մաքսատան շինարարությունից:

Ամեն դեպքում, եթե գալիք տարվա բյուջեում նույն նպատակի համար գումար է հատկացվելու, դա կնշանակի,  Կարեն Կարապետյանի բառերով ասած, անարդյունավետ ծախս:

 Դավիթ  Մանուկյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1098 անգամ