Բոլորն էլ հիշում են, թե ինչպես շաբաթներ առաջ ԱԺ աշխատակազմի դեկավար Հրայր Թովմասյանը արձագանքեց Կարեն Կարապետյանին, երբ վերջինս ասել էր, թե ազգականներն ու հարազատները նույն հաստատություններում միաժամանակ աշխատել չեն կարող: Թովմասյանի պատասխանը հնչում էր մոտավորապես այսպես. «Դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ»: Ու ստացվեց այնպես, որ վարչապետն իսկապես չկարողացավ ներգործել ամենակարող աշխատակազմի դեկավարի վրա: Վերջինս այս օրերին խորհրդարանում ոչ միան մեծ ջարդ է իրականացնում՝ աշխատանքից ազատելով փորձառու աշխատակիցներին, այլև նույն տեմպերով բացը լրացնում է՝ ազատ հաստիքները տրամադրելով իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին։ Ըստ տեղեկությունների, սրանք օգտվում են անսահման արտոնություններից, կարող են նույնիսկ ամիսներով գործի չգնալ և կանոնավոր վճարվել:
Ի դեպ, Հրայր Թովմասյանն այս իմաստով սպիտակ ագռավ չէ: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ վարվում են ճիշտ նրա պես՝ թքած ունենալով վարչապետի օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականի վրա:
Օրինակ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման դաշնակ նախարար Դավիթ Լոքյանը ևս կրճատման փոխարեն, ըստ շրջանառվող լուրերի, իր նախարարությունը համալրել է 21 նոր աշխատակիցներով:
Եվ հետաքրքիրն այն է, որ նա ոչ միայն չի հերքում այդ փաստը, այլև շատ զարմանալի պատասխան է տալիս: «Մենք օպտիմալացնելու տեղ չունենք, քանի որ մեր նախարարությունը նոր կազմավորված նախարարություն է»,- ասում է Լոքյանը՝ ապշեցնելով ոչ միայն հաստիքների առատությամբ, այլև նրանով, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ Տարածքային կառավարման նախարարությունը հանկարծ սկսվեց համարվել նոր։ Հավանաբար, Դավիթ Լոքյանը կարծում է, որ իր նշանակմամբ նոր դարաշրջան է բացել Հայաստանի կառավարության կյանքում և հիմա մեր թվագրությունը պիտի հաշվել սկսեն ոչ թե Քրիստոսի ծննդյան օրից, այլ իր նախարար նշանակվելու պահից:
Իսկ եթե այս ամենը մի կողմ թողնենք և խոսենք միայն կառավարման համակարգի համալրման մասին, ապա շատ տեղին է վերհիշել հայտնի ձևակերպումը, թե կադրերն են որոշում ամեն ինչ:
Այո, կադրերն են որոշում և լավը, և վատը:
Այդ պատճառով էլ մեր երկիրն այժմ այսքան թշվառ վիճակում է, քանի որ այն ղեկավարում են Թովմասյանի, Լոքյանի և նրանց նմանների ընտրած կադրերը: