Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պնդում է` իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում` որպես մեղադրյալ ներգրավվելով ամռանը Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:
«5 ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա, որը վերաբերում է Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի հետևի ապակին կոտրելուն, և որ իբր ես եմ կոչ արել կոտրել մեքենայի ապակին, ինձ մեղադրանք են ներկայացրել:
Այո, հուլիսի 19-ին ես եղել եմ Խորենացի փողոցում` զուտ պարզապես ժողովրդի կողքին կանգնելու համար: Չորս ամիս է` ինձ կանչում են քննչական բաժին եւ այսօր արդեն հրավիրել են բաժին` մեղադրանք առաջադրելու: Իմ մեղքն այն է, որ այդ օրն այնտեղ եմ եղել»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Անի Զախարյանի խոսքով, իրեն բոլորը ճանաչում են` որպես լուրջ քաղաքական տեսլականով ունեցող քաղաքական գործիչ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է քաղաքացիական եւ հասարակական գործունեություն ծավալելուն. «Միթե այդքան խոհեմություն ես չունեի, որ կանգնեի այդքանի մոտ, ասեի` կոտրեք ոստիկանական մեքենայի ապակին եւ ի՞նչ էր տալու այդ ապակին կոտրելը:
Ես համոզված եմ, որ այս ամբողջը կապված է իմ քաղաքական գործունեության հետ, քանի որ առջեւում համապետական ընտրություններ են, իսկ ես սկզբունքային եմ, բազմիցս ապացուցել եմ, որ չեմ վաճառվում, 2012թ.-ին դուրս եմ եկել Հանրապետական կուսակցությունից իմ դիմումի համաձայն: Ես այնպիսի քաղաքական գործիչ եմ, որ կարող եմ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծել Հանրապետությունում»:
Անի Զախարյանը հայտնեց, որ ինքը հղի է եղել եւ այս քաշքշուկների պատճառով ինքը կորցրել է իր երեխային, սակայն չի պատրաստվում հետ կանգնել, շարունակելու է պայքարել արդարության համար:
Այս նյութը դիտել են - 2430 անգամ