ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
2016-12-09 23:05:00

Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի ժողովրդին եւ իշխանությանը կարեւոր պետական տոնի՝ Արցախի անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Ճակատագրի կամոք 2 անգամ հենց այս նույն օրն է արցախցին միահամուռ որոշում կայացրել իր ապագային վերաբերող կարեւորագույն հարցերում: 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախը, համաժողովրդական քվեարկությամբ, «Այո՛» ասաց անկախությանը: 2006-ի դեկտեմբերի 10-ին էլ հանրաքվեով Արցախի Սահմանադրությունն ընդունվեց: Եթե հավելենք, որ դեկտեմբերի 10-ը նաեւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ապա կարող ենք ընդգծել, որ այսօր Արցախն իր պետությունը, պետականության բոլոր ինստիտուտներն ունեցող սահմանադրական Հանրապետություն է, ուր հարգվում եւ երաշխավորվում են մարդու հիմնարար ազատություններն ու բոլոր հիմնական իրավունքները: Արցախցին բազում անգամներ ապացուցել է, որ առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Իսկ սա զորեղ փաստարկ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ոչ միայն իմ, այլեւ բոլոր էջմիածնեցիների, մեր համայնքային ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի անունից մեկ անգամ եւս շնորհավորելով Արցախի բնակչությանն ու իշխանությանը՝ մաղթում եմ բարօրություն, կայուն առաջընթաց, խաղաղություն: Եվ երբեք չկասկածեք՝ անհրաժեշտության դեպքում էջմիածնեցին անմիջապես կհայտնվի Արցախում, կհայտնվի առաջնագծում, խրամատում, ինչպես դա արել ենք 1989-94 թվականների պատերազմի օրերին, ինչպես դա արեցինք այս տարվա ապրիլին:

Հարգանքներով՝ Էջմիածնի 
քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 1405 անգամ