ԱՄՆ «սև ցուցակ»-ի ընդլայնումից հետո բազմաթիվ հայ պաշտոնյաներ կարող են հայտնվել պատժամիջոցների տակ
2016-12-11 21:28:00

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 8-ին արտոնել է ամերիկյան վարչակազմին այսուհետ «Մագնիտսկու» պատժամիջոց սահմանել ցանկացած երկրի, այդ թվում` հայաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կաշառակերության ու մարդու իրավունքները խախտելու համար։ Նախկինում ԱՄՆ «սև ցուցակում» էին հայտնվում միայն Ռուսաստանի քաղաքացիները, առավելապես՝ պաշտոնյաները։

Tert.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս նախագծով ԱՄՆ-ի նախագահը հնարավորություն է ստանում Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների տված հիմքերը հաշվի առնելով, պատժամիջոցներ սահմանել  ոչ միայն ցանկացած երկրի պաշտոնյաների, այլ նաև հասարակ քաղաքացիների նկատմամբ՝կաշառակերության, կտտանքների, սպանության կամ մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումների համար:

«Մեր թե՛ նախորդ, թե՛ ներկա կառավարության անդամները կարող են այդ ցուցակում հանգիստ հայտնվել։ Նախորդ կառավարության անդամները համատարած ներգրավված էին փողերի լվացման, գումարները անարդյունավետ ծախսելու, կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է ներկա կառավարությանն, ապա կոռուպցիայի դեմ չպայքարելն էլ կարող է  հիմք դառնալ պատժամիջոցների կիրառման համար»,- մանրամասնեց քաղաքագետը։

«Մագնիտսկու» պատժամիջոցները ենթադրում են ոչ միայն մուտքի արգելք ԱՄՆ, այլ նաև արգելք օգտվել ԱՄՆ ֆինասական համակարգերից, բանկերից։

«Մագնիտսկու գլոբալ օրենք» պայմանական անունը ստացած փաստաթուղթը մինչեւ տարեվերջ ներկայացվելու է նախագահի վավերացման: Սպասվում է, որ նախագահ Բարաք Օբաման մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը, կստորագրի օրենքը:

«Մագնիտսկու գլոբալ օրենք»-ի հիմքում նախաձեռնության հեղինակներ Բեն Քարդինն ու Քրիս Սմիթը դրել են 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված «Մագնիտսկու օրենքը»: Ըստ այդմ, անհատական պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման եւ օրենքի գերակայության սկզբունքի խախտման մեջ: Նման անձանց մուտքը Միացյալ Նահանգների տարածք արգելվում է եւ սառեցվում են ամերիկյան բանկերում նրանց ունեցած հաշիվները: Օրենքն անվանակոչվել է ռուսաստանցի հայտնի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու անունով եւ ի սկզբանե տարածվում էր այն անձանց վրա, ովքեր կասկածվում էին նրա մահվանն առնչություն ունենալու մեջ:

Վերը նշված օրենքն աշխարհում ոչ միանշանակ է ընդունվել: Շատերը «Մագնիտսկու օրենքի» գլոբալացումը գնահատել են որպես պատմական իրադարձություն, որը թույլ կտա պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքներն ոտնահարող պաշտոնյաներին: Ոմանք էլ գտնում են, որ օրենքի ընդունմամբ ԱՄՆ-ն իրեն համաշխարհային դատավորի լիազորություններ է վերապահում եւ «Մագնիտսկու գլոբալ օրենք»-ը կիրառելիս ընտրովի մոտեցում է ցուցաբերելու՝ հետապնդումներ իրականացնելով միայն Վաշինգտոնին անցանկալի վարչակարգերի նկատմամբ՝ միաժամանակ աչք փակելով դաշնակից երկրներում կատարվող անօրինականությունների վրա:

Ի դեպ, Սենատի ընդունած օրենքը մեծ ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ու իրավապաշտպան շրջանակներում: Ադրբեջանական նման իրավապաշտպան մի շարք կառույցներ միջազգային առաջատար իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին քանիցս ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ են արել մարդու զանգվածային իրավունքների ոտնահարման համար պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա մտերիմ շրջապատի պաշտոնյաների նկատմամբ: Այդ հարցով Կոնգրեսում նույնիսկ լսումներ են անցկացվել:

Այս նյութը դիտել են - 1522 անգամ