Թուրքիայի Էդիրնե նահանգի Ուզունքյոփրու շրջանում բնակվող Մուստաֆա Էրը շարունակում է հայ աշխարհահռչակ ծնծղայագործ Զիլճյան ընտանիքի արվեստը: Ermenihaber պարբերականը վկայակոչելով՝ թուրքական «Doğan» լրատվակայքին տեղեկացնումէ՝ Էրը իր 12 հոգանոց թիմով ձեռագործ ծնծղաներ է պատրաստում, որոնք մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Ամերիկայի, և Եվրոպական երկրների բազմաթիվ անվանի երաժիշտներ օգտագործում են հենց այստեղ հատուկ պատվերով պատրաստված ծնծղաները:
Էրն այս մասնագիտությունը սովորել է պոլսահայ մի վարպետից և արդեն 14 տարուց ի վեր զբաղվում է ծնծղայագործությամբ: Նա նշում է, որ մատնահետքերի նման ծնծղաներն էլ երբեք մեկը մյուսին նման չեն լինում, չեն կրկնվում: Դրանք պատրաստվում են պղնձի, անագի և բրոնզի խառնուրդից և բացառապես ձեռքի աշխատանք են: Էրն ու իր ընկերները օրական շուրջ 25-30 ծնծղա են պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 25 -250 ԱՄՆ դոլար:
Թեև թուրքական աղբյուրը չի նշում այն հայ վարպետի անունը, ով Մուստաֆա Էրին է փոխանցել ծնծղա պատրաստելու գաղտնիքը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա եղել է հռչակավոր պոլսահայ Զիլճյան ընտանիքի ներկայացուցիչներից կամ աշակերտներից, քանի որ հենց նրանք են եղել ծնծղայի առաջին վարպետներն ու դարեր շարունակ սերնդեսերունդ փոխանցել ծնծղայի պատրաստման գաղտնիքը:
Այս նյութը դիտել են - 1708 անգամ