Մեծարելով Բան Կի-Մունին2016-12-12 01:03:00
Գլխավոր քարտուղարը հատուկ նվիրվածությամբ է վերաբերվել մարդասիրական կարիքներին՝ 2016թ. մայիսին կազմակերպելով առաջին «Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովը» եւ դեկտեմբերի 9-ը ճանաչելով որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:
Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի հիմնադրամը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան կազմակերպել են ընդունելություն՝ մեծարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ում տասնամյա պաշտոնավարումն ավարտվելու է 2016թ. դեկտեմբերի 31-ին: Իր ելույթում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը նախաձեռնության մյուս համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Վարդան Գրեգորյանի անունից երախտագիտություն հայտնեց Բան Կի-Մունին համաշխարհային զարգացման օրակարգի եւ մարդասիրական գործունեությունն առաջ մղելու հաստատկամության համար:
Դեկտեմբերի 9-ն ամեն տարի միջազգային հանրության համար ունի հատուկ կարեւորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության հռչակագրի մասին իրազեկվածությունը, դրա դերը ցեղասպանության ոճիրի դեմ պայքարի եւ կանխարգելման, ինչպես նաեւ այսօր եւ պատմության ընթացքում զանգվածային բռնությունների զոհերի հիշատակի համար: Այս տարի դեկտեմբերի 9-ն ունի կարեւոր նշանակություն ունի «Ավրորա» մրցանակի համար, քանի որ Ընտրող հանձնաժողովն այդ օրը կքննարկի 2017թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները:
Բան Կի-Մունին ուղղված բաց նամակում «Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանն իրենց երախտագիտությունն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանրությանը ծառայելու իր նվիրվածության համար. «Մենք գնահատում ենք Ձեր՝ մարդկության ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու գործողությունները համախմբելու եւ խթանելու ջանքերը: Անպաշտպաններին աջակցելու Ձեր գործունեության շնորհիվ Դուք կյանքի եք կոչում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգին, որը փառաբանում է այն մարդկանց, որոնք վտանգի տակ են դնում իրենց կյանքն այլոց փրկելու համար»:
Այս նյութը դիտել են - 2008 անգամ