1000 դրամը՝ պարտադիր. ԱԺ-ն նախագիծը ընդունեց առաջին ընթերցմամբ
2016-12-12 02:23:00

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում ունենալով «1000 դրամի» նախագիծ անվանումն ստացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը, որն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Նախ` հանձնաժողովի անդամները հաստատեցին բուն նախագծի իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերը: Այնուհետև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ, չնայած քննարկումներին, կներկայացվի պարտադիր սկզբունքը հաշվի առնելով:
Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չնայած կարծում է՝ օրենսդրական նախաձեռնությունը իրոք անհրաժեշտություն է, բայց բայցեր կան:
«Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կամավորական սկզբունքը գործեր և նվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չգանձել, և համակարծիք եմ, որ 200 հազարից ավելի ստացողներից ավելի գանձվի»,-ասաց նա:
Նախարար Սարգսյանը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ մոտ 4,5 մլրդ է դրված հնարավոր վճարումների գոյացման համար:
Նաև նշեց, որ կամավոր սկզբունքը քննարկել են, և մանրակրկիտ ուսումնասիրելով «Մարտիկ» հիմնադրամի տարբերակը։ Նախարարը նշեց, որ եթե սկզբնական շրջանում կար հասարակության վստահությունը հիմնադրամի նկատմամբ, վերջում արդեն այդ վստահությունը խաթարվեց:
Պաշտպանության նախարարը ասաց, որ «Մարտիկ» հիմնադրամի գործառույթի շրջանակներում կամավոր սկզբունքով հաջողվել է հավաքել բուն գործունեության ընթացքում մոտ 1,2 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է:
«Այսիքն երբ անվստահության խնդիր չկար, նվիրատվության թիվն ամենադինամիկ շրջանում չի անցել մոտ 7000 –8000 նվիրատուն»,-ասաց նա:

Հանձնաժողովը նախագիծը հաստատեց 4 կողմ 1 դեմ քվեարկությամբ:

Այս նյութը դիտել են - 1450 անգամ