Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանկարծ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր կարգի հրատապ հարցերը մի կողմ թողեց ու անդրադարձավ վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների գործունեությանը:
Անդրադառնալը մեղմ է ասված: Նա հայտարարեց. «Վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների աշխատանքը մենք գնահատում ենք ոչ արդյունավետ:
Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, և այն վարչական շրջաններում, որտեղ կան հիմնադրամներ, օրենքով սահմանված կարգով դադարեցնել վերջիններիս գործունեությունն ու սկսել լուծարման գործընթաց»:
Սա ոչ միայն զարմանալի, այլև խիստ տարօրինակ որոշում էր: Նախ, չէին կարող բոլոր հիմնադրամները միասին հանկարծ անարդյունավետ աշխատել: Մեկ-երկուսը՝ գուցե, բայց եթե խոսքը բոլորի մասին է, այդ դեպքում պիտի մտածել, որ դրանք ի սկզբանե եղել են անպետք և պետք էր դրանց գործունեությունը կասեցնել դեռ այն ժամանակ:
Սակայն Տարոն Մարգարյանն այդպես չի վարվել: Իսկ իրականությունն այն է, որ քաղաքապետը ոչ թե սկսել է մտահոգվել դրանց արդյունավետությամբ, այլ պարզապես վտանգի հոտ է առել:
Վերջին շրջանում հասարակությունը մի շարք հիմնադրամների առիթով մեծ աղմուկ բարձրացրեց՝ պահանջելով հաշվետվություն ներկայացնել, թե ուր են հոսել դրանց փողերը:
Սկանդալը հետզհետե մոտեցավ նաև «Երևան» հիմնադրամին, պարզվեց, որ քաղաքացիներին պարտադրել են մուծումներ կատարել զանազան ծառայությունների դիմաց, այն է` կաշառք վճարել: Ու որպեսզի ամբողջ կեղտը միանգամից ջրի երես չբարձրանա, Տարոն Մարգարյանն այժմ հապշտապ կարգով դրանց լիկվիդացիան է գլուխ բերում: Նաև դա է պատճառը, որ ոչ հրապարակվում են հիշյալ հիմնադրամների անունները, ոչ հաշվետվություն է ներկայացվում, ոչ էլ ասվում է, թե հատկապես ինչ հարցերում են դրանք թերացել:
Բայց գրեթե ասվում է, որ հիմնադրամների գործունեությունը կաշառակերության քաղաքակիրթ մոդել է:
Պաշտոնյայի գրպանը փող դնելու փոխարեն քաղաքացին այդ գումարը վճարում է հիմնադրամին, որտեղից էլ պաշտոնյաներն արդեն վերցնում են իրենց հասանելիքը: Պետք է ենթադրել, որ հիմնադրամների վերացման գաղափարը Տարոնի գլխում չի ծագել, հավանաբար, այն պարտադրվել է նախագահականից կամ կառավարությունից, որտեղ վերջերս սկսել են ինչ-որ բաներ անել: