Բժիշկ Գևորգյանի համար 2 տարեկան երեխայի կորուստը սովորական բան է
2016-12-12 13:15:00

Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բժիշկների, վախճանվել է թոքաբորբից:

Մի տեսակ ցավալի օրինաչափություն է դառնում երեխաների մահացությունը, և շատ դեպքերում մեղքը բարդվում է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների վրա՝ կասկածի տակ դնելով նրանց պրոֆեսիոնալիզմն ու պարտադիր հետևողականությունը: Բժիշկները նման մեղադրանքներից կտրուկ հրաժարվում և նույնիսկ վիրավորվում են: Մինչդեռ փաստերը գալիս են ապացուցելու հակառակը:

Այս դեպքում էլ դեռ մասնագիտական հանձնաժողովը պիտի պարզի, թե ինչն է եղել երեխայի մահվան իրական պատճառը: Բայց մինչ այդ արդեն իսկ բախվում ենք մի երևույթի, որը նույնքան սարսափելի է, որքան մարդու կորուստը:

Լրագրողը զրուցում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանի հետ, փորձում է պարզել իրողությունը: Եվ ահա փոխտնօրենը զարմացած ինքն է հարցնում. «Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել: Մեզ մոտ 96-րդ մահն է, իսկ այս մահի նկատմամբ ինչո՞ւ եք այդպես առանձնապես նեղվում»:

Բժիշկ Գևորգյանի համար 2 տարեկան երեխայի կորուստը սովորական բան է: Հավանաբար, այն պատճառով, որ դա իր երեխան չէ: Եվ մնացած 96 մահերն էլ նրան որևէ հիմք չեն տալիս նեղվելու համար, որովհետև այս դեպքում գործ ունենք մեկ այլ երևույթի հետ: Մարդը կորցրել է իր մարդկային դեմքը, ուրիշի ցավին արձագանքելու, կարեկից լինելու պարզագույն հատկությունը:

Պետք է կարծել, թե սա առանձին, բացառիկ դեպք է՝ սրտացավության լիակատար բացակայություն ամենամարդասիրական մասնագիտության տեր անձնավորության մոտ: Բայց, ցավոք, դա այդպես չէ:

Հիմա մենք ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում բժիշկների կողմից հանցավոր անտարբերության ու սառնության դրսևորումներին:

Իսկ դրանց ամենացցուն օրինակը շաբաթներ առաջ տվել էր առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նորածինների մահացության դեպքերի մասին ցինիզմի հասնող իր ձևակերպումներով:

Ու եթե ձուկը գլխից է հոտում, գարշահոտությունը մի օր պիտի համատարած լինի:

shame.am

Այս նյութը դիտել են - 931 անգամ