Կոչ՝ Հայաստանում և Սփյուռքում գտնվող բոլոր անհատներին, սատարելու «Սասնա ծռերի» ճանապարհային քարտեզը
2016-12-12 15:23:00


Սփյուռքյան «Հայկական վերածնունդ» շարժումը սատարում է «Սասնա ծռերի» ճանապարհային քարտեզը:

Այս առնչությամբ շարժման տարածած հաղորդագրության մեջ ասվում է.«Հոկտեմբերի վերջին Սասնա Ծռեր խմբավորման եւ Հիմնադիր Խորհրդարանի կողմից հրապարակվեց Նոր Հանրապետության ստեղծման ճանապարհային քարտեզը:

Այն մանրամասնորեն ներկայացնում է Նոր Հանրապետության ստեղծման սկզբունքները եւ գործընթացը, որը պետք է իրագործվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընդվզման եւ ազատ կամքի արտահայտման միջոցով:

 Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման մասնաճյուղերը մանրամասն քննարկումներից եւ պարզաբանումներից հետո որոշում են ընդունել սատարել ճանապարհային քարտեզը եւ իրենց հնարավորությունների սահմաններում օժանդակել դրա իրականացմնանը:

2015 թվականի սահմանադրական հանրաքվեի մասսայական կեղծիքներից եւ այս տարի կայացած տեղական մարմինների կեղծված ընտրություններից հետո միանգամայն պարզ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք թույլ չի տա, որպեսզի ժողովուրդը իր կամքն արտահայտի եւ ժողովրդավարական հիմունքներով ընտրի իր ցանկացած իշխանությանը:

Համոզված ենք, որ նման ելք է սպասվում նաեւ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից:

Այսպիսով, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ իրական ժողովրդավարության հաստատումը հեռանկարներ չունեն քանի դեռ իշխում է Սերժ Սարգսյանի ռեժիմը եւ վերարտադրվում կեղծիքների եւ բռնության միջոցով:

Հայաստանում եւ Սփյուռքում գտնվող բոլոր անհատներին եւ կազմակերպություններին կոչ ենք անում սատարել Ճանապարհային Քարտեզը եւ իրենց օժանդակությունը ցույց տալ դրա իրագործման համար»:

Այս նյութը դիտել են - 1977 անգամ