Քննարկման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի դեպքը՝ որպես խոշտանգման վառ օրինակ. «Վահան Շիրխանյանին կալանավորել են 2015-ի դեկտեմբեր ամսին, երբ որ ինքը 68 տարեկան, լավ առողջական վիճակով աչքի ընկնող մարդ էր, շատ հանգիստ քայլում էր, շատ ակտիվ կյանք էր վարում:
4 ամիս չանցավ՝ Վահան Շիրխանյանը, անազատության մեջ գտնվելով, տարավ թոքի ինֆարկտ: Դա այն պատճառով, որովհետեւ քրեակատարողական հիմնարկում անուշադրության էին մատնում առողջական վիճակի վերաբերյալ իր գանգատները: Այնքան անուշադրության մատնեցին, մինչեւ նա ստացավ ինֆարկտ: Իրեն մի կերպ՝ շատ մեծ դժվարությամբ փրկեցին, բայց շարունակեցին պահել անազատության մեջ»:
Հայկ Ալումյանը պատմեց, որ հիմա այդ առողջ մարդն այն վիճակում է, որ չի կարողանում առանց օգնության տեղաշարժվել անգամ. «4 ամիս կլինի՝ ինքը չի կարողանում լոգանք ընդունել: Պատկերացնում եք, մարդ, որը 4 ամիս չի կարողացել լոգանք ընդունել, եւ ոչ մեկի դա չի հետաքրքրում:
Ինքը խցում կիսապառկած վիճակում սառը ջրով մի կերպ թրջոցների միջոցով փորձում է իրեն մաքրության մեջ պահել: 8 ամիս ինքը չի գնացել զբոսանքի, դա կյանքի եւ մահվան հարց է, որովհետեւ անձը արեւ է տեսնում միայն այն ժամանակ, երբ օրական 1 ժամ իրեն սահմանված զբոսանքից օգտվում է:
Ինքը 8 ամիս է՝ արեւ չի տեսել, որովհետեւ չի կարողանում գնալ: Իրեն պիտի տանեն՝ չեն տանում: Եթե սա խոշտանգում չի, ապա խոշտանգումը ո՞նց է լինում: Հիմա ինքը անոթային լուրջ խնդիրներ ունի, իսկ քրեակատարողականում մասնագետ անոթաբան չկա, դատապարտյալների հիվանդանոցում չկան անոթաբաններ, ու իր խնդիրները գնալով ավելանում են:
Այսօրվա դրությամբ մենք հաշվեցինք՝ Շիրխանյանը ստացել է 4000 դեղահաբ ու ամեն օր իր առողջական վիճակը գնալով վատանում է»:
Հայկ Ալումյանը վստահ է, որ խոշտանգում է իրականացվում Վահան Շիրխանյանի նկատմամբ. «Մեր պետության կայացման հարցում մեծ դեր խաղացած եւ այսօր չգիտեմ ինչու իշխանությունների համար ոչ պիտանի դարձած անձը այսպես դանդաղ սպանվում է:
Ես ամեն անգամ իրեն տեսնելուց տեսնում եմ, ավելի է վատացել իր վիճակը, նա սպանվում է՝ մեր բոլորիս աչքի առաջ: Ես պատկերացնում եմ, թե ինչ զեկույցներ են լինելու Հայաստանի վերաբերյալ այս դեպքով, եթե հիմա այն անձինք, ումից սա կախված է, խելքները գլուխները չհավաքեն»:
Նա հիշեցրեց, որ հիմա Վահան Շիրխանյանի դատավարությունն է, իսկ նրան չեն կարողանում բերել դատարան: Անգամ հաշմանդամության սայլակով նրան չեն կարող տեղափոխել, որովհետեւ 20-25 րոպեից ավելի չի կարող նստել, անտանելի ցավեր է ունենում ոտքերի շրջանում. «Պատգարակով պիտի բերեն՝ չեն բերում»:
Հայկ Ալումյանը մտավախություն ունի, որ Վահան Շիրխանյանը կմահանա հենց ՔԿՀ-ում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am