Մայրիկի ծննդից մինչև Հայաստանի փրկություն ընկած կարճ ժամանակահատվածի մեջ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչքա՞ն գումար կմուրա և քանիսի՞ն կպատմի իր դարդերի մասին...
2016-01-13 17:11:00

Րաֆֆին թռավ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, մեկնեց ԱՄՆ: Ամանորից առաջ նա ասաց՝ «Նոր տարին` նոր Հայաստանում», հետո փաստեց, որ նոր Հայաստան ստեղծելը ժամանակի հրամայական է ու տարվա գալուն պես հրամայաբար թողեց երկիրը:

 Այս անգամ շատ հարմար պատրվակ ուներ՝ մոր ծննդյան օրն էր: Իհարկե, ոչ հոբելյանական, այլ 84-րդ տարեդարձը, բայց դա էլ լիովին բավական էր, որ նա տիկին Վարդիթերի կարոտով Ամերիկայի տոմս գներ: «Ես անպայման պետք է մայրիկիս կողքին լինեմ: Հետո կգամ արդեն պայքարը շարունակելու: Իշխանությունը հոգևարքի մեջ է ու ես դիվանագիտական և քաղաքագիտական իմ ողջ ռեսուրսները կներդնեմ նոր Հայաստանի ստեղծման գործընթացը արագացնելու համար»,- հուզումնալից ձայնով հրաժեշտ տվեց նա:


Բայց Րաֆֆին շուտ չի գա: Նրա ռեսուրսները դեռ կմնան օվկիանոսից այն կողմ: Տեղ հասնելուն պես հիմա էլ մեկ ուրիշ պատրվակ է հորինել: Ասում է, որ իբր որոշել է ԱՄՆ-ից հետո այլ երկրներ մեկնել՝ հանդիպումներ ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը, մի խոսքով՝ հընթացս նաև քաղաքական խնդիրներ պետք է լուծի: Բայց ի՞նչ խնդիրներ են դրանք: Դրսի հայերին Հայաստանի վիճակի մասին պատմելը ինչպե՞ս է դառնալու խնդրի լուծում: Ի վերջո, ասենք Պարագվայում ապրող հայը ի՞նչ պիտի անի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սարսափազդու պատմությունները լսելուց հետո: Առնվազն պիտի խղճա թշվառ «Ժառանգության» առաջնորդին ու մի երկու կոպել փող տա: Ուրեմն սա՞ է այն խնդիրը, որ լուծվելու է հայ մեծանուն հասարակական գործչի «դիվանագիտական և քաղաքագիտական ողջ ռեսուրսների ներդրման» արդյունքում:


Մայրիկի ծննդից մինչև Հայաստանի փրկություն ընկած կարճ ժամանակահատվածի մեջ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչքա՞ն գումար կմուրա և քանիսի՞ն կպատմի իր դարդերի մասին, հենց դա էլ կլինի նրա ազգափրկիչ ուղևորության գլխավոր արդյունքը: Իսկ ետ վերադառնալու հացում շտապելու անհրաժեշտություն իրականում չկա: Գա, որ ի՞նչ անի:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1530 անգամ