Սփյուռքահայերը բարոյական իրավունք չունեն այստեղ ապրողներին խելք սովորեցնել «Փաստ»2016-12-13 15:55:00
«Փաստ»-ի հյուրն է պատմաբան Գևորգ Յազճյանը.
– Պարոն Յազճյան, սփյուռքի մի շարք գործիչներ կարծես լրջորեն անհանգստացած են Հայաստանի ներքին իրավիճակով: Նրանք նաև նախաձեռնությամբ են հանդես եկել` «Արդար Հայաստան»: Սփյուռքը կարո՞ղ է մի բան անել. դա իրատեսակա՞ն է:
– Ոչ, իրատեսական չէ: Մենք սփյուռքից մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք:
– Իսկ «Հայկական բարեգործական ընդհանուր միութան» և Եվրամիության միջև կնքված պայմանգիրը 2 մլն եվրո դրամաշնորհի վերաբերյալ, որը պետք է հատկացվի Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման համար, նույն դաշտի խոսակցություն չէ՞, ըստ էության:
– Նախ ՀԲԸՄ–ն իր ղեկավարությամբ, կոպիտ կերպով խախտում է միության կանոնադրության առաջին հոդվածը, որտեղ հստակ գրված է, որ այս կազմակերպությունը զբաղվում է բարեգործությամբ և իրավունք չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Արդեն իրենք մոտ 10 տարի է, հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից սկսած, խախտում են ու շարունակում են խախտել սեփական կանոնադրությունը: Իսկ Եվրամիությունն էլ, չգիտեմ իմանալով այս մասին, թե չիմանալով, իրենց այդ գումարն է տալիս: Որովհետև նրանք էլ Հայաստանում իրենց քաղաքականությունն են իրականացնում:
Հայաստանում ընթանում է ռուսական, եվրոպական և ամերիկյան ազդեցությունների պայքար: Ես դիտարկում եմ այդ պայքարի ծիրի մեջ Եվրամիության կողմից տվյալ գումարի տրամադրումը:
– Այսինքն` այս հարցը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստո՞ւմ է:
– Միանշանակ: Եվրոպացիներին առհասարակ շատ չի էլ հետաքրքրել, թե Հայաստանում քաղաքացիական հասարակություն կլինի՞, թե չի լինի: Ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանց դիտորդները մեր ընտրությունների ժամանակ բացահայտ տեսնում են բոլոր ընտրակեղծիքները, լավատեղյակ են բոլոր խախտումներին, բայց հանդես են գալիս հայտարարությամբ, թե եղել են մանր–մունր խախտումներ, որոնք էական ազդեցություն չեն ունեցել վերջնական արդյունքի վրա: Հիմա նրանք ո՞ւմ են էշի տեղ դրել. իրենք իրե՞նց, թե մեզ:
Եթե նրանք նպաստում են Հայաստանի Հանրապետությունում ընտրակեղծիքներով ոչ օրինական իշխանությունների գոյատևմանը, էլ ի՞նչ են կեղծավորաբար հանդես գալիս ու Հայաստանում քաղաքացիական հասարակության խնդիրը մեջտեղ բերում: Ընդ որում` նաև ՀԲԸՄ–ի միջոցով:
– Համենայն դեպս, որոշակի մեխանիզմներ գոյություն ունե՞ն, որպեսզի սփյուռքը կարողանա ազդել այսօրվա մեր ներքին կյանքի վրա:
– Չի կարող ազդել: Որովհետև սփյուռքը միատար չէ, միակամ չէ: Նրանց 95%–ն առհասարակ կապ չունի հայկական ընդհանուր միջավայրի հետ: Լավագույն դեպքում Զատիկին ձվով եկեղեցի գնան կամ ապրիլի 24–ը նշեն, մեկ–մեկ էլ Արցախում թեժացում լինի` ինչ–որ արձագանք անեն:
Եթե ոմանք խոսում են 8–10 մլն սփյուռքի մասին, դուք այդ թիվը բաժանեք ամենաքիչը 10–ի, եթե ոչ` 20–ի վրա: Մնացածն է, որ զբաղվում է հայկական հարցերով: Երևի մի 50 հազար մարդ: Լա՛վ, թող 100 հազար լինի: Ի՞նչ կարող են անել այսքանով:
Սփյուռքը միայն մի դեպքում կարող է օգտակար լինել Հայաստանին, եթե ֆիդայու կարգավիճակով սփյուռքահայերը գան Հայաստան: Եթե նրանք հայրենադարձվեցին հազարներով, տասնյակ հազարներով, ապա ամեն ինչ կփոխվի: Նրանք պետք է գան ու այստեղ ապրեն, այստեղ պայքարեն ներքին, նաև արտաքին թշնամու դեմ: Անպայման ներքինի դեմ էլ պետք է պայքարեն: Ինչ անուն ուզում եք կարող եք տալ` կոռուպցիա, կաշառակերություն, փչացածություն, վատնում, մսխում…
Սփյուռքը այնտեղ մնալով մանավանդ այստեղից գնացածները, բարոյական իրավունք չունեն այստեղ ապրողներին խելք սովորեցնել: Թող գան այստեղ, թող տանջվեն մեզ հետ, մեզ նման: Քանզի մենք այստեղ ամեն օր մեղր ու կարագ չենք ուտում: Թող գան ու այստեղ պայքարեն: Դրսում ինտերնետներով, ֆեյսբուքներով, երբեմն էլ դեսպանատների ու հյուպատոսարանների առաջ 50 կամ 100 հոգով ցույց անելով հարց չի լուծվում:
– Իսկ սփյուռքահայերի` «Արդար Հայաստան» ստեղծելու այդ նախաձեռնությունն ի՞նչ է` կարոտաբաղձության արտահայտությո՞ւն, ռոմանտիզմ:
– Այո, այո` ռոմանտիզմ: Սփյուռքահայերը ռոմանտիզմ շատ են սիրում: Տոների ժամանակ բաժակ բարձրացնեն, կենաց ասեն, երգեն, Ստամբուլն արյան ծով դարձնեն…
Այս նյութը դիտել են - 1180 անգամ