Դե արի ու մի ասա՝ իյա, իրո՞ք
2016-12-14 18:50:00

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմավորման ձեւով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ ՊՈԱԿ-ի: Այս որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Առաջին հայացքից թվում է՝ պրոտոկոլային տեղեկատվություն, մինչև աչքի կզարնի այն տողը, ուր սևով սպիտակի վրա գրված է. <<Նախագծով նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնել>>: Նշված է նաև, որ այս փոփոխության արդյունքում կկրճատվեն կազմակերպությունների 3 մեքենա, 9 աշխատատեղեր, արդյունքում տնտեսվող գումարի մոտավոր չափը կկազմի 106.9 միլիոն դրամ:

Իսկ ի՞նչ կշահեր ՀՀ պետական բյուջեն, եթե այդ ՊՈԱԿ-ը ոչ թե լուծարվեր, այլև հաշվետվություն ներկայացներ ու պատասխանատվություն կրեր թե արածի ու թե չարածի համար:

Ի դեպ, սա Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ամենախոշոր ծրագիրն էր, որ փորձ արվեց կյանքի կոչել, բայց փորձանք եղավ մեր տնտեսության համար: Նախ Վերահսկիչ պալատի կողմից այս ծրագրի իրականացման ընթացքում մի շարք խախտումներ հայտնաբերվեցին, աղմուկ բարձրացավ ատկատների ու խախտումների մասով, բայց իրական պատասխանատվություն ոչ ոք չկրեց:  

Պետությունն այդ ծրագրի համար կուտակել է արդեն մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ:

Ժամանակին այդ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 1,5-2 միլիարդ դոլար: Տարբեր հաշվարկներով պետությունը գրեթե «սպառել» է այդ արժեքը, կուտակելով մոտ մեկ միլիարդ դոլարի վարկ՝ դրա դիմաց ունենալով 15 տոկոս կամ պակաս կառուցված ճանապարհ՝ այն էլ հարթավայրային հատվածում: Մինչդեռ ծրագրով նախատեսված է Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրին, կապել հյուսիսայինի՝ Բավրայի հետ: Դա ենթադրում է որակյալ ճանապարհ Սյունիքում եւ Վայոց Ձորում: Իսկ դրանք առավելապես լեռնային տարածքներ են, և բնականաբար ավելի շատ փող են պահանջելու, դա էլ իր հերթին նշանակում է, որ ծրագիրն ավարտին հասցնելու դեպքում այն մի քանի անգամ կգերազանցի նախնական մինչև 2 միլիարդ դոլարի արժեքը:

Իրականում իշխանության կյանքի կոչած ծրագիրը՝ Հյուսիս-հարավը, Հայաստանում պետք է ունենար գրեթե հեղափոխական նշանակություն՝տնտեսականից մինչև քաղաքական: Բայց այսօր հակառակ պատկերն է՝ ծրագիրը իր 15 տոկոս շինարարությամբ անհամեմատ ավելի թանկ է նստել Հայաստանի տնտեսության վրա, բառիս բուն իմաստով, խմել է տնտեսության արյունը՝ լցնելով մի քանի հոգու գրպանները: ՈՒ պատասխանատվության կանչելու փոխարեն Տրանսպորտի նախարարությունը լուծարում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը՝ մխիթարելով, թե 106.9 միլիոն դրամ գումար կտնտեսվի:

Դե արի ու մի ասա՝ իյա, իրո՞ք:

politinfo.org

 
Այս նյութը դիտել են - 1056 անգամ