«Փաստ» օրաթերթը գրում է. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորում ստացած, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանն ու պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դիպուկահարի գնդակից մահացած Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին բնակարան կնվիրեն:
Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականությունը համարվող Սիսակյան փողոցի հ.16 շենքում գտնվող երկու բնակարաններից մեկը սեփականության իրավունքով նվիրել Յուրի Տեփանոսյանի ընտանիքին՝ Արփինե Թումասյանին, Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին, իսկ նույն շենքի մեկ այլ բնակարան էլ Գագիկ Մկրտչյանի այրուն և որդուն՝ Հասմիկ Ոսկանյանին և Մհեր Մկրտչյանին։
Ինչպես նախագծում է ասված՝ Յուրի Տեփանոսյանը մահացել է հուլիսի 30–ին պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դիպուկահարի գնդակից։ Նա ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թ.։ Վերջինս հետմահու արժանացել է լեյտենանտի կոչմանը։ Գագիկ Մկրտչյանը հանդիսանում է 2016 թ. հուլիսի 17–ին մի խումբ զինյալ անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրականացված գրոհի զոհերից մեկը։ Նա մահացել է օգոստոսի 13–ին` այդպես էլ ուշքի չգալով գրոհի ժամանակ ստացած ծանր հրազենային վնասվածքներից։ Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թվականին:
Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար միջնորդություն է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Յուրի Տեփանոսյանն ու Գագիկ Մկրտչյանը մինչ այդ չունեին բնակարան և իրենց կանանց և երեխաների հետ բնակվում էին մայրաքաղաքում վարձակալված բնակարաններում։ Հաշվի առնելով նրանց ավանդը երկրի պաշտպանության գործում, ինչպես նաև նրանց ընտանիքների բնակարանային պայմանները, Երևան քաղաքի ավագանին մշակել է որոշման այս նախագիծը։
Մանրամասները` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 929 անգամ