Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր յոթերորդ եւ վերջին ամենամյա ուղերձում դիմեց ոչ միայն ներկա, այլեւ՝ ապագա սերունդներին:
«Մենք ապրում ենք զարմանալի փոփոխությունների ժամանակներում: Այդ փոփոխությունները փոխակերպում են մեր ապրելակերպը, մեր աշխատաոճը, մեր երկրագունդը, մեր տեղն աշխարհում», - ասել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, անհրաժեշտ է ոչ թե վախենալ ապագայից, այլ՝ընդհակառակը, տեսնել նոր հնարավորություններ այնտեղ, որտեղ մյուսները տեսնում էին վտանգներ:
«Յուրաքանչյուր անգամ մենք հաղթահարել ենք այդ վախը: Ինչպես ասել է Լինքոլնը, մենք չենք կառչում լուռ անցյալի դոգմաներից: Փոխարենը, մենք նորովի ենք կշռադատում եւ նորովի գործում», - նշել է Օբաման:
Միացյալ Նահանգների նախագահը նաեւ նշել է մոտ ապագայում երկրի զարգացման հիմնական ուղղությունները: Առաջինը քաղցկեղի բուժումն է.
«Հանուն կորցրած մեր բոլոր սիրելիների, հանուն այն ընտանիքների, որոնց դեռ կարող ենք փրկել, եկեք Ամերիկան դարձնենք երկիր, որը մեկընդմիշտ կարողացել է քաղցկեղի բուժում գտնել»:
Մյուս ուղղությունը մաքուր վերարտադրվող էներգիայի զարգացումն է, որն արդեն այսօր արեւոր ու քամոտ որոշ նահանգներում ավանդական ածխից կամ գազից ստացվող էներգիայից ավելի ցածր արժեք ունի։
Միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգները մնում է ամենահզոր տնտեսություն, զորք եւ վարկ ունեցող պետությունը:
«Երբ հարցը վերաբերում է ցանկացած կարեւոր միջազգային որոշման, ողջ աշխարհի մարդիկ հայացքներն ուղղում են ոչ թե դեպի Պեկին կամ Մոսկվա, այլ սպասում են, որ հենց մենք նրանց առաջնորդենք», - նշել է Օբաման:
Նախագահ Օբամայի ուղերձին հետեւել է նաեւ Ամերիկայի հայ համայնքը, որին Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նույնպես ոգեւորել են նախագահի խոսքերը: Միեւնույն ժամանակ, Արամ Համբարյանի կարծիքով, դրանք դիտարկվում են՝ Հայոց ցեղասպանության խնդրի ճանաչման խոստումը չկատարելու լույսի ներքո:
«Այնպես որ, երբ մենք լսում ենք նախագահի բառերը, լսում ենք հաղթական ոգեւորիչ հայտարարություններ, մենք դրանք դիտարկում ենք նշված լույսի ներքո: Մենք ողջունում ենք հայտարարությունները, սակայն, կցանկանայինք տեսնել իրական գործողություններ», - ասել է Համբարյանը:
Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայն Արդունին նույնպես կարեւորել է Ցեղասպանության ճանաչման խնդիրը, անվանելով այն ոչ միայն հայ համայնքի, այլ՝ համամարդկային խնդիր:
Փորձագետների կարծիքով, նախագահ Օբամայի ելույթը թույլ է տալիս ավելի պարզ պատկերացնել Միացյալ Նահանգների առաջիկա մեկ տարվա զարգացման հիմնական ուղիները:
Այս նյութը դիտել են - 1267 անգամ