Սերժ Սարգսյանի այս քարոզչական ակտիվացումը վկայում է այն մասին, որ նա բոլորովին չի պատրաստվում հրաժարվել իշխանական հավակնություններից, հակառակ դեպքում Սարգսյանը կգնար ավելի պասիվացման, կփորձեր կենտրոնանալ իշխանության, այսպես ասած, ստվերային վերահսկման վրա՝ քարոզչական դաշտում առավել մեծ տեղ տալով Կարեն Կարապետյանին, առավել ևս, որ Կարապետյանը ունի այդ դաշտում հաջողելու առավել մեծ հնարավորություններ և առավել նպաստավոր մեկնարկային պայմաններ:
Սակայն Սերժ Սարգսյանն ինքն է ակտիվանում, և եթե դրան գումարենք այն, որ ազդարարվել է ՀՀԿ համամասնական ցուցակը նրա գլխավորելու մասին, ապա մնում է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը փորձում է Կարեն Կարապետյանի նշանակումով կորցրած նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Այս դեպքում, իհարկե, հարցն այն է, թե ինչու էր նա ձեռքից բաց թողել այդ նախաձեռնությունը: Դա մարտավարական նահանջ կամ դադա՞ր էր, թե՞ Սերժ Սարգսյանը ստիպված էր գնալ դրան՝ այդ միջոցով նաև Հովիկ Աբրահամյանին հեռացնելու համար:
Ընդ որում, հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի քարոզչական ակտիվացմանը զուգահեռ՝ ակտիվանում է նաև Հովիկ Աբրահամյանը, որը մի քանի օր առաջ հանդես եկավ հետպաշտոնական առաջին հարցազրույցով: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը «համատեղ» դադար են վերցնում և «համատեղ» էլ ակտիվանում:
Եվ այժմ, երբ Աբրահամյանը տեսնում է, որ Սերժ Սարգսյանն իրականում ոչ թե պատրաստվում է հեռանալ, այլ ակտիվանում է քարոզչական դաշտում, այսինքն՝ դրսևորում է ակտիվ հավակնություններ, ինքն էլ է սկսել ցուցաբերել համարժեք միտումներ:
Թեև այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի «ռեսթարթի» հնարավորությունը անհամեմատ ավելի մեծ է, քանի որ Սերժ Սարգսյանը «հեռացավ» դե ֆակտո, իսկ Հովիկ Աբրահամյանին հեռացրեց դե յուրե:
Այս նյութը դիտել են - 1710 անգամ