ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԴՈՒ ԷԼ ՉԱՆԻԾԵՍ...
2016-12-18 11:22:00
Շուկաներում նախատոնական եռուզեռ է, բայց գնորդները կծան գներից են դժգոհ, վաճառողները` գնորդների պակասից:
Մոտենում եմ հատիկ լոբի վաճառող, ցրտից լեղակագույն դարձած, գյուղի գործերից ձեռքերը ճաքճքած, փայտացած տարեց կնոջն ու գին հարցնում.
-Աղջիկ ջան, թե առնելու ես,կբարիշենք, բայց խնդրում եմ, «դու էլ չանիծես»-ի պատասխան աղաչական նայում է դեմքիս:
Մի պահ կարկամում եմ.
-Ինչո՞ւ պիտի անիծեմ, մայրիկ ջան, ո՞ր մեղքիդ համար,-կոկորդիս մեջ մի կլոր գնդիկ է հայտնվում, որ անամոթաբար կուլ չի գնում, խեղդում է ինձ:
-Ի՞նչ իմանամ, այ բալա...Քեզանից առաջ մի կին հարցրեց, գինն ասացի, երեսիս շպրտեց, «Էդ փողը ոչ վայելեք, էդ ի՞նչ գին եք դրել»: Բացատրեցի, որ ուրիշ եկամուտ չունենք: Մեր ողջ տարվա քրտինքն եք ծախում, որ հինգ հոգով ապրենք: Գիտես հողի հետ աշխատել, բերք ստանալը հեշտ է՞: Մի հաշվի,տես քանի՞ կիլո լոբի եմ ծախելու, որ տղայիս որբերին մի-մի «սապոգ» առնեմ, որ դասի գնալիս հագնեն, չմրսեն, հիվանդանան: Երեխերքի հագի «սապոգները» 8-10.000 դրամ են, ես էլ հատ լոբու կիլոն հազար երկու հարյուրով եմ ծախում: Հարուստների «գաստրոնոմներում» /Սիթի բառը տատիկը դեռ չէր մարսել/ իմ ծախած լոբու շունն էլ չի, կիլոն 1600 դրամ է, գնա էնտեղից առ: Թե` «Լավ-լավ, 200 գրամ քաշի, պասուց տոլմի համար եմ ուզում»: Չտվեցի, բալա ջան: Լավ չարի՞, դե ասա,-բարկությունից ու ցրտից արհեստական ատամները կփկփում են:
-Լավ ես արել, մայրիկ ջան, հանգստացի,խնդրում եմ, մարդիկ տարբեր են լինում: Էդպես էլ կպատահի: Իրենց օրհնանքով չեք ծնվել, որ անեծքից ձեզ վնաս գա: Բոլորիս տերն Աստված է:
-Էլ ի՞նչ վնաս գա, այ բալա: Ջահել-ջիվան տղիս անցյալ տարի թաղեցինք: Տունս ավիրվեց: Հարսիս վիզը ծուռ մնաց, երկու քյորփեքս որբացան, բիձես կսկծից ձեռ ու ոտից ընկավ...
Խամրած աչքերից արցունքի կարկուտները խորշոմած դեմքի վրայով սահեցին, կախվեցին կզակից, ընկան հնամաշ վերարկուի դոշին ու անհետացան խունացած կտորի ծալքերում...
Գիտնականները մինչ օրս չեն կարողանում արցունքի բաղադրությունն ուսումնասիրել և պարզաբանել, թե ինչու է արցունքն այդքան աղի: Աղիությունի՞ց է արդյոք, որ արցունքի կաթիլը ոչ մի բացասական ճերմաստիճանում չի սառչում, սառույց դառնում...
Լացի պատճառն ու հետևանքը ինչքա՞ն տարբեր են:
Ազգիս աղի արցունք թափելու պատճառ դարձած, սառցակալած, անհոգի մարդանմաններ, նզովյալ լինեք...
Այս նյութը դիտել են - 6891 անգամ