Անդամատոմս, որ պարտավորեցնում է մանկավարժիս
2016-12-18 11:48:00
Չափազանց մեծ էր անակնկալը, երբ այսօր ԱՄՆ-ի Հայ գրողների միության վարչության անդամ և «Վերնատուն» պարբերականի խմբագիր Դանիել Դավիթն ինձ տեղեկացրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ՀԳՄ հայաստանյան խմբակցության անդամ եմ: Սա մի նոր հաճելի զգացում է, նաև պարտավորեցնող, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ վարչությանը` նախագահ Վազգեն Վանատուրի գլխավորությամբ, բոլոր այն արժանավորներին, ովքեր հարմար գտան ինձ ներկայացնելու այդ պատվին:
Այսօրվա իմ հեռախոսազրույցը` ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի հետ, դպրոցական կյանքը ներկայացնող իմ հրատարակվելիք գրքի մասին էր, բայց ինչու՞ չհամարձակվեցի նրան հայտնել այս լուրը: Ամաչու՞մ էի, որ մի սովորական ուսուցչուհու ամենօրյա շարադրվող մտքերն ուշադրության են արժանացել Սփյուռքում, և նա ներկայացել է այդ գնահատանքին: Գուցե իմ շրջապատում ավելի արժանավորնե՞րը կան, որ լռության մատնեցի այդ փաստը` չնայած 2013-ին մանկավարժիս մեթոդական ձեռնարկն էր հրատարակվել` ԼՂՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ և նրանց ֆինանսական օժանդակությամբ, և որպես մանկավարժական փորձի փոխանակություն` բաժանվել էր Արցախի դպրոցներին: Իսկ իմ հաջորդ երկու գրքերի նյութերն այս օրերին հանձնված են մեր նախարարությանը, և այսօր իմացա, որ դրանք շուտով կերաշխավորվեն հրատարակության համար:
Հիշեցի նաև, որ այս վերջերս 11-րդ դասարանում իմ աշակերտներից մեկը հանկարծ հարցրեց. «Պարզվում է` ես վերջապես իրական գրողի եմ տեսնում, Դուք գրո՞ղ եք, տիկի՛ն Պողոսյան»: Ես նրան հակադարձեցի. «Ի՞նչ գրողի մասին է խոսքը, ես ուսուցչուհի եմ, ընդամենը ձեր` աշակերտներիդ մասին եմ գրում, մեր սահմանամերձ դպրոցից...»:
Եվ ես, ի տես բոլոր աշակերտների, նրան շարունակեցի բացատրել, որ գրողները նրանք են, ում ուսումնասիրում ենք դպրոցական դասագրքերով, նաև հրաշալի գրողներ կան, որ դասագրքերում չկան, ունենք ժամանակակից արժանավոր գրողներ նաև, որ գրքեր ունեն հրատարակած, նրանք ստեղծագործում են արձակ կամ չափածո...Ու ես նրանց ներկայացա որպես մի ուսուցչուհի, ով ամերիկյան հայկական «USArmenianews.com»  լրատվական կայքի այն գողտրիկ բաժնում, որ «Մանկավարժի անկյուն» է կոչվում, և երբեմն ՀՀ Սփյուռքի «Հայերն այսօր» պարբերականում անմահացնում է իր տողերով ընդամենը նրանց դպրոցական կյանքը:
Այսօր ինքնաբերաբար մտովի հիշեցի նաև անցյալ դարձած իմ հուզախռով օրերը: Կրթության բաժնի հայտնած հանկարծակի լուրը` վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանանալու մասին, տեղում քարացրել էր ինձ:
Պահի տակ մի ակնթարթում հետադարձ հայացք ձգեցի իմ մանկավարժական աշխատանքային գործունեությանը: Որքանո՞վ եմ արժանի ես այդ կոչմանը: Երկար ժամանակ ուշքի չէի գալիս, սարսռում էր հոգիս, մի անսովոր դող սողոսկել էր ներսս, այդ բարձր գնահատանքի առջև ուզում էի ծնկի գալ: Բոլորից աննկատ թաքցրի հուզմունքս, սա ի՞նչ է, չափազանց մեծ և պարտավորեցնող գնահատանք, և մատներս ինքնաբերաբար շոշափեցին Արցախի ԿԳ նախարարության հեռախոսների մի քանի համարներ... Զգացի, որ մյուս կողմից լսվող ձայնը կամաց-կամաց հանդարտեցնում է հոգուս ալեկոծությունը:
Օրեր անցան, հրավիրվեցի հարցազրույցի Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Հուզախառն էր հոգիս… Ուղիղ եթերով արցախցիներին ներկայացրի նաև իմ ապրումները... Թեթևացած հոգոց քաշեցի` շնորհավորանքներից խանդավառված:
Այսօր էլ, այդ գնահատանքից դեռ ուշքի չեկած, հանդարտվեց հոգիս` այս տարածական աշխարհի` ինձ հարազատ դարձած անձանց շնորհավորանքներից: Մնում է ասել, որ գնահատանքի է արժանի հայկական սփյուռքի ազգանվեր գործունեությունն օտար ափերում, իսկ ես` Արցախի ուսուցչուհիս, հոգուս խորքում երախտապարտ եմ, որ հայապահպանության գործի մեծ առաքելության ճանապարհին` յուրաքանչյուրս, ազնիվ ներդրում կատարելով, մեր երկրի հայակերտման սրբազան գործին ենք նվիրաբերվում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3015 անգամ