Միայն շարքային քաղքենին ու ցուցամոլն է իրեն հյուր եկածներին պատմում, թե որքան գումար է վատնել հյուրասիրության համար
2016-12-19 06:12:00
Քաղքենու տոնական հրավերը

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձության և այդ նպատակի համար ոչինչ չէր խնայել: Նա վարձակալել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահը, իսկ երբ հրավիրվածները հավաքվեցին, հայտարարեց. «Իմ անձնական միջոցներից վճարել եմ 888 հազար դրամ այս սրահի և ֆուրշետի համար: Սա իմ անձնական որոշումն է եղել: Եթե ուզում եք, կարող եմ ներկայացնել իմ քարտային վճարը»: 

 Միայն շարքային քաղքենին ու ցուցամոլն է իրեն հյուր եկածներին պատմում, թե որքան գումար է վատնել հյուրասիրության համար, իսկ նախարարի պարագայում խոսել է նաև ներքին վախը. հանկարծ ու իրեն չմեղադրեն պետության միջոցները վատնելու համար, թեև, եթե մտածելու լինենք, 888 հազարն էլ հազիվ թե ազնիվ քրտինքով վաստակած փող լինի, որովհետև այս երկրում մի ժամի համար այդքան գումար շռայլել կարող է իրեն թույլ տալ միայն այն մարդը, ով առանց ավելորդ ջանքերի է դա գրպանել:

Այդ իսկ պատճառով էլ, երբ լրագրողները հարցրին վարչապետի կողմից բարձրացված «պրիմիտիվ գողության» երևույթի մասին` արդյո՞ք նրա ղեկավարած նախարարությունում նախկինում եղել են նման դեպքեր, կա՞ն, ինչպե՞ս է պայքարում նման երևույթների դեմ, Վահան Մարտիրոսյանն անմիջապես վրա բերեց. «Պրիմիտիվ գողությանը իմ աշխատանքի ընթացքում չեմ հանդիպել: Իմ պահանջն էլ եղել է, որ բոլորն աշխատեն մաքուր: Հուսով եմ, որ նախկինում էլ գողություն չի եղել»:

Գեղեցիկ նախատոնական ցանկություն է՝ աշխատել մաքուր ու ազնիվ: Հիմա դրան կարելի է ավելացնել ևս մեկը՝ լինել առավելագույնս համեստ, այնքան համեստ, որ ասուլիսների ծախսերը տասնապատիկ չգերազանցեն Հայաստանի քաղաքացու նվազագույն աշխատավարձը:

shame.am

Այս նյութը դիտել են - 852 անգամ