Շատ տհաճ մի երևույթ կա հայերիս մեջ. Մեզ թվում է, թե այն, ինչը Հայաստանում է ստեղծված՝ չի կարող լինել լավը, մակարդակով, որակով:
Ինչու՞ ենք մենք առավել դասում այն, ինչը դրսում է ստեղծվում, նրանց, ովքեր դրսում են ապրում, ցանկացած բան, ինչը Հայաստանից հեռու է: Չգիտեմ.. բայց փաստն այն է, որ այս տհաճ երևույթը շատ նման է արտագաղթի քարոզի: Ասածներիս վառ ապացույցն էլ ներկայումս Առաջին ալիքով ընթացող «Դեպ եվրատեսիլ» նախագիծն է, որտեղ ամեն կերպ փորձ է արվում ապացուցել, համոզել ու մարդկանց վզին փաթաթել այն գաղափարը, որ դրսում, իսկ տվյալ դեպքում Ռուսաստանում մեծացած ու երաժշտական գիտելիքներ ձեռք բերած մեր մասնակիցներն ավելի լավն են, քան նրանք, ովքեր ծնվել, մեծացել, երգել են սովորել հենց Հայաստանում:
Նախագծի ամենասկզբից էլ մի խոսակցություն էր պտտվում, որ այս ամենը զուտ շոու է՝ մարդկանց, այսպես ասած, պրոցեսի մեջ ընդգրկելու, ու ինչու չէ, նաև ռեյտինգային շոու ապահովելու կոմերցիոն քայլ, և որ իրականում 2017թ. Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակը որոշված է շատ վաղուց ու անունն է նրա Արծվիկ:
Արծվիկի երգելու տաղանդի ու նրա բեմական կերպարի մասին վատ բան ասողը առնվազն տարրական անգրագետ պիտի լինի, խոսքը դրա մասին չէ, միանշանակ, Արծվիկն իրոք պրոֆեսիոնալ երաժիշտ է, ու ի տարբերություն Իջինի, նա կայացած երգչուհի է:
Սակայն այստեղ մի հանգամանք կա. Ախր Արծվիկին բացարձակ ոչ մի կետով չէին զիջում մեր այն մասնակիցները, ովքեր մեկը մեկի հետևից լքեցին նախագիծը:
Միթե՞ մրցույթի կազմակերպիչները չեն հասկանում, որ այս կերպ վարվելով նրանք ստորադասում են հայաստանյան դպրոցն ու այդ բնագավառի նվիրյալներին: Որքանո՞վ է արդարացի այսպես կոտրել մեր սերնդին, նրան կրթողին: Չէ՞ որ բոլոր դրսից եկած մեր հայրենակիցներին Հայաստանի անունից եվրատեսիլ մեկնելը միակ հնարավորությունն է այդ բեմում երբևէ հայտնվելու համար, բայց մոռանալ պետք չէ, որ դա նաև մեր՝ տեղական երաժիշտների միակ շանսն է գոնե մի կերպ «երևալ» աշխարհին:
Ստացվում է՝ Հայաստանի անունից Եվրատեսլի մեկնելու համար Հայաստանից արտագաղթե՞լ է պետք:
Իսկ ով է ասել, որ ռուսական դպրոցը ներկայացնող հայ երգչուհին ավելի շատ շանսեր ունի, քան մեր՝ տեղական կատարողները: Ունեինք նման օրինակ՝ ի դեմս Ռիվասի... ու Ի՞նչ... արդյունքը նույնն է: Խոշոր հաշվով Եվրատեսիլ մեկնող ոչ մի արտիստ դա չի անում ազգասիրական դրդումներից ելնելով:
Ցանկացած երգչի Եվրատեսիլ է տանում միայն ու միայն անձնական շահը՝ ճանաչում, նկատելի լինելու հնարավորություն, միջազգային հարթակ դուս գալու հեռանկար: Այդ դեպքում ավելի լա՞վ չէր լինի այդ շանսը տալ Հայաստանի նեղ ու սուղ պայմաններում գոյատևող երգիչներին, այլ ոչ թե դրսի լայն հնարավորություններից օգտվող ու Հայաստանը հարմար խոպանատեղի օգտագործող երաժիշտներին: