Սամվել Բալասանյանի Գյումրու քաղաքապետ ընտրվելը նույնիսկ հարազատ կուսակցությունում գնահատվեց իբրև ձախողում:
Այս բանը հասկանալով Բալասանյանը նաև կարողացավ հասկանալ, որ իր հետագա քաղաքական կարիերան ընդմիշտ ավարտված է, և որպեսզի կորուստները աղետալի չլինեն, որոշեց դիմել այսօր մեծ տարածում գտած քայլին՝ իրեն փոխարինել իր զավակով: Շուտով լուր տարածվեց, որ Բալասանյանի ավագ որդին՝ Միսակը իր թեկնածությունը կդնի 2017թ. խորհրդարանական ընտրություններում:
Բայց բախտն այս մի անգամ էլ երես թեքեց Բալասանյաններից:
Ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ:
Միսակ Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» գործարանում ՏՄՊՊՀ- ն լուրջ խախտումներ բացահայտեց: Այդ տհաճ պատկերի ֆոնին ՀՀԿ-ն կարծես թե ակնարկեց, որ Միսակի նման կասկածելի անձը չի կարող կուսակցություն ներկայացնել մի քաղաքում, որտեղ առանց այդ էլ հիացած չեն նրանց ընտանիքով: Մի խոսքով, Սամվել Բալասանյանին հասկացրեցին, որ իր սերնդափոխության ծրագիրը վտանգված է:
Եվ հենց այդ պահին էլ քաղաքապետը կայացրեց իր պատկերացումներով ամենաարդար որոշումը: Նա ավագ որդու անունը դուրս բերեց նախընտրական ցուցակից և այնտեղ գրանցեց... կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի անունը:
Հիմա արդեն արդարությունն իսկապես որ վերականգնված է: Խոսում են այն մասին, որ քաղաքապետի կրտսեր որդին երկար ժամանակ Չինաստանում կրթություն էր ստանում, սակայն դեպքերի անսպասելի շրջադարձը առիթ է տվել նրան շտապ կարգով հայրենիք վերադարձնել:
Եվ ուրեմն, Գյումրիին դեռ երկար ժամանակ վիճակված կլինի լսել Բալասանյան ազգանունը:
Սրանք ոչ մի գնով ասպարեզը թողնել չեն ցանկանում:
Այս նյութը դիտել են - 798 անգամ