Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին
2016-12-23 09:17:00

Գնումների ոլորտը թափանցիկ դարձնելու նախաձեռնությունը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամենասիրած թեմաներից է: Նա պատրաստ է ժամերով խոսել դրա մասին, բայց մինչև այն պահը, երբ խոսքը կհասնի «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով այսուհետ գաղտնիք կհամարվեն նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի ծախսերը: Գաղտնիքը՝ գաղտնիք, սակայն մարդիկ իրավացիորեն մտավախություններ ունեն, որ դա իր հերթին կարող է բերել կոռուպցիոն ռիսկեր:

 Եվ ահա նախարար Արամյանն այս հարցին պատասխանելու համար իրեն նետում է բոլորովին անծանոթ և իր իրավասություններից դուրս գտնվող մի միջավայր՝ դիմելով աղետալի համեմատությունների, ինչի արդյունքում այնպես է ստացվում, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանեցին միայն այն բանի համար, որ այդ երկրում «Գնումների մասին» օրենքը Հայաստանի ֆինանսների նախարարի ձեռքի տակով չէր անցել:

«Եթե ցանկացած անձ, այդ թվում՝ ես, տեղեկանում եմ, թե որ ընկերությունն է սպասարկում նախագահի կամ վարչապետի մեքենաները, կարծում եմ՝ մեծանում են անվտանգության ռիսկերը»,- ընդգծում է Արամյանը և խորհուրդ է տալիս չընկնել էմոցիաների գիրկը:

Իհարկե, կարելի է հետևել նախարարի խորհրդին, հույզերը մի կողմ դնել, մտահոգվել անվտանգությամբ, հասկանալ, որ ապրում ենք բարդ տարածաշրջանում և նման այլ բաներ: Բայց այսքանով հանդերձ նորից ու նորից պիտի հարցնենք, որ եթե բոլորովին պարտադիր չէ իմանալ, թե, ասենք, վարչապետը կամ ԱԺ նախագահը որ ռեստորանում պետք է իրենց հյուրերին ճաշ տան, ապա սա ի՞նչ կապ կարող է ունենալ նրանց կատարած գնումների հետ:

Մի՞թե հրապարակելով թվերն այն մասին, թե այդ ճաշը որքան արժեցավ երկրի բյուջեի համար, մենք ինչ-որ մեկին հարվածի տակ ենք դնում:

Ի վերջո, մեր ի՞նչ գործն է, թե պաշտոնյան ինչ մեքենայով, ինչ երթուղով, ում հետ և որ խորտկարանն է գնացել:

Դա թող մնա Վարդան Արամյանի, ԱԱԾ-ի, Ոստիկանության, անվտանգության ծառայության գաղտնիքը:

Մեզ ընդամենը ասեք, թե ծախսն ինչքան կազմեց, որովհետև եթե հանկարծ վաղը պարզվի, որ ոչ մի հյուր էլ չեն կերակրել, այլ տվյալ չինովնիկն այդ գումարով սիրելի կնոջ համար թանկարժեք զարդեր է գնել, ապա Արամյանի փաստարկներն ի՞նչ կարող են շտկել:

Թե չէ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը միակ ու անբեկանելի օրինակ դարձնելով օրենքի նախագիծ չեն տանում խորհրդարան:

shame.am

Այս նյութը դիտել են - 1315 անգամ