Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում:
Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, սակայն բոլորն էլ հասկանում են, որ հավակնորդը դրսից կլինի, և այդ պատճառով էլ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառում՝ հնարավորից մինչև անհնար, նույնիսկ այնքան անհնար, որ ինչ-որ պահի նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունն էլ հայտնվեց այդ ցուցակում:
Ամենայն հավանականությամբ, անհնարների շարքում պիտի դասել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Սակայն նրա պարագայում հետաքրքիրը ոչ այնքան մարզպետի անձն է, որքան նրա արձագանքը: Բանն այն է, որ երբ լրագրողները Նալբանդյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք նրան այդպիսի առաջարկ եղել է, մարզպետը տվել է այսպիսի պատասխան. «Ես երբեք նման բան չեմ ասել, բայց խնդրում եմ, այս պահին այդ կարգի անբարոյական հարցեր մեք տա»:
Չի բացառվում, որ Լոռու մարզպետն իր անսպասելի արձագանքով ցանկացել է շեշտել հարգանքը վախճանված նախարարի հիշատակի հանդեպ:
Բայց և չի բացառվում, որ Արթուր Նալբանդյանը հատուկ վերաբերմունք ունի նախարարական աշխատանքի նկատմամբ և այն համարում է ոչ ավելի, ոչ պակաս՝ անբարոյական:
Իսկ եթե դա այդպես է, ապա պետք է ակնկալել, որ մի օր էլ նա կանկեղծանա ու նաև կտեղեկացնի, թե բարոյականության սանդղակի վրա ինչ տեղ է զբաղեցնում մարզպետի պաշտոնը: