Հունվար 14 2016 ԱԱԾ-ի հերթական անսպասելի հայտարարությանը հայ հանրությունը բախվեց այսօր: Պարզվում է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը կասկածվում է նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում վնասազերծված «զինված հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հանցակիցը լինելու մեջ:
Թե որքանով է սա հավանական, թերևս, ցույց կտա քննությունը, սակայն մի բան ակնհայտ է՝ «հանցախմբի անդամների» շրջանակներում հայտնվողները՝ ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և այլն, իրենց մերձավոր շրջապատի կողմից միայն դրական են բնութագրվում:
Ով է Գառնիկ Մարգարյանը և ինչ ճանապարհ է անցել: Ինչպես հայտնի է՝ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «զինված հանցախմբի վնասազերծումը» հանրության մի հոծ զանգված այդ ժամանակ համարում էր դեկտեմբերին նախատեսված բողոքի ակցիաների և անհնազանդությունների հետ՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հետ: Շատերն էին վստահաբար ասում, թե «վնասազերծումը» հանրության ուշադրությունը շեղելու նպատակ ուներ: Եվ ահա, Գառնիկ Մարգարյանը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարել էր, թե ինքը Սահմանադրական փոփոխությունները դրսի պատվեր է համարում. «Երկու գերնպատակ ունի՝ Հայաստանի ամբողջ բնական հարստությունը, ինտելեկտուալ հարստությունը, բոլոր ռեսուրսները դնել վերահսկողության տակ ու մեր ազգի գոյատևման վերջակետը դնել:
Փոփոխությունների երկրորդ խնդիրը իշխանության վերարտադրությունն է: Ռեժիմը հասկանում է ՝ իրենց ռեսուրսները բավարար չեն նորից վերարտադրվելու համար»,- այս խոսքերի հեղինակը Գառնիկ Մարգարյանն է: Թե որքանով է ձերբակալությունը կապված այս հայտարարության հետ, դժվար է ասել, սակայն պետք է նկատել, որ սա իշխանությունների դեմ արված նրա միակ սուր գնահատականը չէ: Տարիներ առաջ Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հակակոռուպցիոն» կենտրոնը մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:
Գառնիկ Մարգարյանի խոսքով՝ կոռուպցիայի զարգացմանն ուղղված Ռոբերտ Քոչարյանի գործը բացահայտ շարունակում էին հանրապետականները. «Ռոբերտ Քոչարյանից է սկսվել, նաև սկսվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից և մի շարք այլ չինովնիկներից»,- հավելել էր Գ. Մարգարյանը: Ոստիկանության նախկին գնդապետ Գառնիկ Մարգարյանը մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով և սուր քննադատություններով: Թե ինչու շատերի գնահատմամբ «մասկի շոուի» թիրախում հայտնվեց նաև նա, և ինչպիսի զարգացումների է դեռ պետք սպասել՝ դժվար է ասել:
Տաթև Հարությունյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/470699/