Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արդեն հայտարարել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու մասին: Օհանյանն, ըստ էության, պատրաստվում է զբաղեցնել ընդդիմադիր դաշտը:
NewsBook-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյո՞ք Օհանյանը կարող է պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: «Իրականում Սերժ Սարգսյանի դեմ ոչ ոք չի կարող պայքարել: Նրանք, ովքեր երկար ու ձիգ տարիներ պետական պաշտոններ են զբաղեցրել և այսօր արդեն այդ պաշտոնին չեն, փորձում են ընդդիմություն ձևանալ և պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Նրանք, ովքեր կպայքարեն Սերժ Սարգսյանի դեմ, շատ շուտով մոխիր են դառնալու և՛ բարոյական առումով, և՛ ներուժային առումով: Ոչ մեկ այսօր Հայաստանում չկա, որ այնքան ներուժ ունենա, որքան որ «Հայոց Արծիվներ»-ն իր բազմահազարանոց բանակով: Ես միայն խոսում եմ հասարակական դաշտում, էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներուժը ողջ Հայաստանում»,- ընդգծեց Խաչիկ Ասրյանը:
Նա հավաստիացրեց, որ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը եղել է և կլինի Սերժ Սարգսյանի կողքին: Ասրյանը նաև հատուկ ընդգծեց. «Նրանք, այդ թվում՝ նաև Սեյրան Օհանյանը և բոլորը, ովքեր պիտի դեմ գնան Սերժ Սարգսյանին, դեմ կգնան նաև ինձ և «Հայոց Արծիվներ»-ին, իսկ այդ դեպքում ես և «Հայոց Արծիվներ»-ը նրանց մոխիր կդարձնենք քաղաքականության մեջ»:
Նաիրա Հարությունյան
Այս նյութը դիտել են - 7768 անգամ