Աշխատանք ունեի, տուն ունեի, ամեն ինչ թողեցի եկա: Ասացի՝ ես խարիսխ եմ: Նավապետը կարող է փոխվել, նավաստիները կարող են ընկղմվել ծովի մեջ, մկները կարող են փախչել նավից, բայց նավը պետք է կանգուն մնա:
Կանգուն մնալու համար պետք է, որ նա խարիսխ ունենա:
Ոչինչ, որ ես ժանգոտած խարիսխ եմ, ես եկել եմ այստեղ ասելու համար՝ ոչ մի տեղ չեմ գնա, ոչ մի բնակարաններով, աշխատանքներով, սորբոններով ինձ գայթակղել հնարավոր չէ, քանի որ ես Հայաստանում եմ, նավը դեռ ընկղմված չէ..... Ես խարիսխ եմ:
Գրականագետ, դոցենտ Լևոն Ներսիսյանը ծնվել է 1931թ. դեկտեմբերի 24-ին Երևանում: Ուսումնառությունն սկսել է թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է Երևանի թիվ 20 դպրոց և ավարտել այն 1949թ.: 1954թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանոգերմանական բաժինը: 1954-1957թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-1959թթ. Լ. Ներսիսյանն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես գիտաշխատող: Նկարահանվել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում:1957-ից ԵՊՀ-ում և գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965-ից` ավագ դասախոս, 1992-1994թթ.՝ դոցենտ:
Նրա հետաքրքրության նեղ ոլորտներն էին անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրռեալիզմի պոեզիան), որոնք դասախոսում էր բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ:
Լ. Ներսիսյանը 1960-1980-ականների հայկական մշակույթի ակնառու գործիչներից մեկն էր, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը: 1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Վախճանվել է 1999թ. նոյեմբերի 27-ին Երևանում:Երևանի Մաշտոցի պողոտայի 39 տան պատին փակցված հուշատախտակին գրված է. «Այստեղ ապրել է ոգու և ազատության ասպետ Լևոն Հրաչյայի Ներսիսյանը»:
Տեսանյութը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 21706 անգամ