Ծանր հարված Պուտինին, դեսպանի սպանությունից 6 օր անց Lragir
2016-12-25 12:59:00
Սոչիի մոտ կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռը: Ինքնաթիռը մեկնում էր Սիրիա՝ ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, ինքնաթիռում էին զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան զինվորական անսամբլի երաժիշտները և 9 լրագրող՝ անձնակազմի հետ միասին 92 մարդ:
Հետաքննության վարկածներից մեկն ահաբեկությունն է:
Անկարայում Ռուսաստանի դեսպանի դաժան սպանությունից 6 օր անց տեղի է ունենում այս ծանր ողբերգությունը, որը կրկին կապված է Սիրիայի հետ: Ռուսաստանի կորուստները սիրիական իրադարձություններում մեծանում են, հատկապես վերջին շրջանում:
Անկարայում ՌԴ դեսպանի սպանության նախօրեին Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնության էին հասել Հալեպում խաղաղության եւ զինյալների դուրսբերման հարցում երաշխավոր լինելու մասին: Այս «սեպարատ» համաձայնությունը միջազգային շատ փորձագետներ գնահատեցին որպես Սիրիան «բաժանելու» երկու երկրների փորձ:
Հալեպում Ռուսաստանը եւ Թուրքիան գործում էին համատեղ, ընդ որում՝ նշմարվում էր նաեւ համաձայնության առարկան՝ ռուսները «հանձնում» են քրդերին, իսկ Թուրքիան պարտավորվում է չպահանջել Ասադի ռեժիմի հեռացումը եւ հանդես գալ Սիրիայի ամբողջականության օգտին:
Հետաքրքիր է, որ Հալեպի «ազատագրման» հռչակումից անմիջապես հետո զինյալները վերագրավեցին Պալմիրա քաղաքը, ինչն ակնհայտորեն պատասխան էր ռուս-թուրքական համաձայնություններին: Դրան էլ հետեւեց դեսպանի սպանությունը՝ մարդասպանն իր արարքը փաստացի կապեց Հալեպի իրադարձությունների հետ:
Այս իրադարձությունները շատերին հիմք տվեցին պնդելու, որ դրանք ուղղված են Թուրքիային ու Ռուսաստանին սիրիական ճահիճն ավելի խորը մղելուն՝ դրանից բխող հետեւանքներով, ընդ որում՝ համատեղ: Նշվում էր, որ դեսպանի սպանությունն ավելի է մերձեցնելու Թուրքիային ու Ռուսաստանին, ինչը «խիստ հարմար» է միջազգային այդ քաղաքականության տեսակետից: Իրենք՝ ռուսներն ու թուրքերը, հենց դա էլ պնդում էին, որ շարունակելու են համատեղ գործել սիրիական թատերաբեմում:
Եվ ահա, այս ֆոնին տեղի է ունենում Սիրիա զինվորականներ տեղափոխող ռազմական օդանավի աղետը: Ահաբեկությո՞ւնն էր պատճառը, թե ոչ՝ կպարզի հետաքննությունը: Սակայն, անկախ դրանից, դա սարսափելի հարված է Ռուսաստանին ու անձամբ Պուտինին, որի համար սիրիական քաղաքականությունը միջազգային «բարձրագույն լիգա» վերադառնալու եւ միջազգային շրջափակումը ճեղքելու միջոց է դիտվում:
lragir.am
Այս նյութը դիտել են - 1375 անգամ