ԱՄՆ-ից ահազանգ հայկական քրեա-օլիգարխիային Lragir
2016-12-25 22:58:00
 
ԱՄՆ նախագահ Օբաման «Մագնիտսկու օրենքի» ազդեցությունը ընդլայնել է ամբողջ աշխարհի վրա։ Այս մասին նշվում է 2017 թվականի ռազմական ծախսերի վերաբերյալ օրենքում։ Օրենքը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, որոնց ամերիկյան իշխանությունները կասկածում են կաշառակերության և մարդու իրավունքների խախտման մեջ:
Ըստ օրենքի, ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ կիրառել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, ով կասկածվում է ցանկացած երկրում կոռուպցիայի եւ մարդու իրավունքները խախտելու մեջ։
ԱՄՆ-ն փորձում է աջակցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրա համար նույնիսկ ֆինանսական միջոցներ է տրամադրել: ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Հայաստանում ներդրումներ կարող են լինել միայն այն պարագայում, երբ արդյունավետ պայքար տարվի կոռուպցիոն երեւույթների դեմ:
Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ օրենքը, կոռուպցիայի դեմ հայտարարված «պայքարի» շրջանակներում: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թ. հուլիսի 1-ից եւ հետադարձ ուժ չի ունենալու:
Փորձագետներն օրենքը գնահատել են Հայաստանի իշխող կոռումպացված տնտեսա-քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի համատեքստում: Օրենքով փորձ է արվում լեգալացնել պաշտոնյաների հարստացումը եւ սեփականությունը, որը ձեռք է բերվել համակարգային կոռուպցիայի արդյունքում: Իսկ հայկական տնտեսա-քաղաքական համակարգը բիզնեսի ու իշխանության սերտաճումն է՝ տնտեսության քվոտավորման ու արտոնությունների բազայի վրա:
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ կոռուպցիան Հայաստանում նաեւ անվտանգության խնդիր է: Այս համակարգը երկրում ներդրումներ չի կատարում եւ երկրից հանում է միլիարդավոր դոլարներ, ըստ միջազգային տարբեր կառույցների գնահատականի՝ 7-12 միլիարդ դոլար: Դա կրկնակի ավելի է, քան Հայաստանի արտաքին պարտքը: ԱՄՆ դեսպանը նշում է, որ երկրից գումարներ դուրս բերած պաշտոնյաները կարողանում են դրսից ազդել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա:
Հայաստանի արտաքին գործընկերները մանրամասն տիրապետում են Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի ու նրա առանձին ներկայացուցիչների բնույթին ու գործունեությանը: Ոչ վաղ անցյալում դեսպանատներից մեկը մանրամասն «դոսյեներ» է կազմել հայկական քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների վերաբերյալ, որտեղ աննպաստ գնահատականներ կան բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Առավել եւս, որ նրանք իրենց կապիտալն «արտահանում» են արեւմտյան երկրներ եւ հատկապես ԱՄՆ:
ԱՄՆ նոր օրենքով Մագնիտսկու ցուցակի ընդլայնումն ու նախագահին տրված լիազորությունները ահազանգ են հայկական կոռումպացված համակարգի համար:
ԱՄՆ-ն հետեւում է Հայաստանում կոռուպցիայի դեմ «պայքարին» եւ պատրանքներ չունի թե դրա ելքի, թե այդ համակարգի ներկայացուցիչների հանդեպ:
lragir.am
Այս նյութը դիտել են - 1890 անգամ