Մեր փոքրիկներին հովանավորնե՞րն էին տեսակավորել, թե՞ Ձմեռ պապը2016-12-26 08:56:00
Ինչու՞ այսօր ես հետաքրքրությամբ գնացի այնտեղ` դպրոցի առաջին հարկը` բազմաժխոր ձայների ուղղությամբ: Ու այդ բազմազանության մեջ հանկարծ միջանցքում տեսնում եմ թոռնիկիս` արցունքախառն աչքերով, հոնգուր-հոնգուր արտասվելիս…Այլևս չէր ուզում սպասել իր հերթին, նա հոգնել էր…Ես մի աթոռ եմ բերում, որ նստի` երկար կանգնելուց հոգնած ոտքերին հանգստություն տալու համար, նաև հորդորում եմ: Նայում եմ շրջապատում կանգնած փոքրերին ու մեծահասակներին, այնտեղ ծնողներ կան, ուսուցիչներ, կարծես ուզում եմ արդարանալ, որ երեխան հոգնել է ու արտասվում է, էլ չի կարողանում կանգնել:
Այս փոքրիկներն օրեր առաջ նամակներ էին գրել Ձմեռ պապիկին: Բազմազան էին նրանց գրած նամակները, յուրաքանչյուրը յուրովի տարբեր, բայց նրանց ցանկությունների կողքին խաղաղության երազանքն էր թևածում: Երեխաներ կային հավաքված, որ սրտատրոփ, հետաքրքրությամբ սպասում էին իրենց նվերներին, որ Ձմեռ պապին էր բերել:
Բայց նրանց մեջ արցունքոտված աչքեր տեսա, զսպված հեկեկոցներ, նաև ուրախալի, ցնծալից կանչեր, հիացմունքից ժպտացող հայացքներ…Հեծանիվներ կային, դրանց կողքին ուրախությունից թռչկոտող երեխաներ, խոշոր տուփեր կային փաթեթավորված ու բազմազան, հետաքրքրությունից վառվող մանկական աչքեր… Ցավոք, և երեխաներ կային վհատված` ձեռքներին հյութեր ու շոկոլադե փոքրիկ սալիկներ կամ ինչ-որ գրքույկներ և ոչինչ չասող մանր խաղալիքներ:
Տարբեր հովանավորների կողմից Հայաստանից բերված այդ նվերներն առձեռն բաժանվում էին փոքրիկ հասցեատերերին, իսկ նրանք սահմանամերձ Մարտակերտի երկու դպրոցների 1-5-րդ դասարանների աշակերտներն էին, որ նկարվում էին այնտեղից եկած Ձմեռ պապիկի հետ և ստանում իրենց նվերը:
Ինչու՞ տարանջատվեցին այսօր մեր երեխաները…Ինչու՞ նրանք տեսակավորվեցին, երբ բոլորն էլ սահմանին մոտ են ապրում: Թոռնիկս արցունքները սրբեց, վերցրեց իրեն ուղարկված այն խաղալիքը` բիլիարդի փակ տուփը…Նա ոչինչ չէր ուզել Ձմեռ պապիկից, միայն` Արցախին խաղաղություն… Չնայած այդ խաղալիքից ուներ, նա ուրախ էր, չէ՞ որ այն Ձմեռ պապին էր բերել, և շնորհակալություն հայտնեց նրանց, ես` նույնպես…
Բայց ինչու՞ եմ ամաչում, երբ ծնողներից մեկի բարձրաձայն դժգոհությունն եմ լսում, որ պետք չէր իր երեխան նամակ գրեր Ձմեռ պապիկին, ու նա այդքան շատ տարբերեր երեխաներին: Կարծես ուզում եմ փախչել շատ-շատերի դժգոհ հայացքներից, բացատրում եմ նույնիսկ, որ տարբեր են հովանավորները, նրանք են ուղարկել….Բայց երեխաներին ինչպե՞ս բացատրես, երբ նույնիսկ չգիտեն այդ բառի իմաստը: Ու հովանավորները, որ այս երեխաների համար երևի բարի մարդիկ են եղել, հանկարծ տարբերակվում են…
Այո՛, նրանք էլ տեսակավորվում են, բայց ոմանց մոտ կասկածներ կային, իսկ գուցե Ձմեռ պապի՞կն էր մեղավոր, որ հանդուրժել էր, որպեսզի այս փոքրիկներին տարբերակեն:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1295 անգամ