ԲԱՐԻ ԵԿԱՐ, ՆՈՐ ՏԱՐԻ. Մելանյա Պետրոսյանց
2016-12-26 11:58:00
Ես սիրում եմ Նոր տարին, տոնածառը, Նոր տարվա սեղանը՝ մանկությունից հուշ եկած, մանդարինի հոտով։ Սիրում եմ նախատոնական չարչարանքը՝ մսով ու պասուց տոլմա փաթաթելը, բլինչիկն ու քյուֆթան, մրգեղենն ու չարազեղենը։ 
Սիրում եմ առատ սեղանները, երանի, բոլորն ունենան հնարավորություն ու առատ սեղաններ գցեն Նոր տարվա գիշերը։
Սիրում եմ, երբ հավաքվում են հարազատ, բարեկամ, հարևաններով, ասում-խոսում-կատակներ են անում։ Սիրում եմ անակնկալ հյուրերին, որ մի բոմբոներկա թևների տակ տված, աղմուկ-աղաղակով ներս են գալիս ու սկսվում է պաչերի, բարեմաղթանքների, կատակների շարանը։
Իսկ բոլորից շատ սիրում եմ, երբ աղմկոտ գիշերվանից հետո երկար քնում ես, առավոտյան կեսօրին արթնանում ու տեսնում ես, որ գիշերվա «տեսքից գցած» սեղանը հարսն ու աղջիկդ կարգի բերել, սպասում են քո արթնանալուն։
Մի խոսքով՝ սիրում եմ Նոր տարվա հետ կապված ամեն ինչը։
Խնդրում եմ, խիստ չքննադատել ինձ, քաղքենի չանվանել, չխոսել ավելորդ ծախսերից ու հոգնածությունից։
Թող Նոր տարին խաղաղություն բերի մեր երկրի սահմաններին, առողջություն, անփորձանք հաղթանակ մեր բանակի զինվորին ու սպային, մեզ բոլորիս, որ մենք էլ կարողանանանք ուրախ սրտով, թեկուզ միայն պասուց տոլմայով ու կոմպոտի երեք լիտրանոց բանկայով, ասենք․
ԲԱՐԻ ԵԿԱՐ, ՆՈՐ ՏԱՐԻ։
Մելանյա Պետրոսյանց
Այս նյութը դիտել են - 1964 անգամ