Արսեն Բաբայանի հայրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին. Hraparak2016-12-27 09:07:00
Աժ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանի հայրը` նախկին դատախազ Հակոբ Բաբայանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Նրա դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան:
Datalex.am դատական տեղեկատվականից տեղեկանում ենք, որ Հակոբ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով փաստաբանական գործունեություն ծավալող «ՀԿԳ» և «ՀԿԳ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ» ՍՊԸ փաստացի ղեկավարը, ՀՀ դատական ատյաններում «Լուվի» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու և ի նպաստ նրա երաշխավորված դատական ակտի կայացումն ապահովելու պատրվակով սակայն դատական գործընթացի վրա իրավաբանական գործունեությունից դուրս որևէ ազդեցություն իրականում չունենալով, խարդախությամբ` վստահությունը չարաշահելու եղանակով, 2013-2014թ. ընթացքում պահանջել և անձամբ,մաս-մաս ստանալով, հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 20.195.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար:
Հակոբ Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Գործը կքննվի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Առաջին նիստը դեռ նշանակված չէ:
Ավելի վաղ «Հրապարակը» անդրադարձել էր այս գործին` զրուցելով երկու կողմերի հետ: Հասմիկ Հովհաննիսյանը կալանավայրերի նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի քույրն է:
Նրա սեփականություն «Լուվի» ՍՊԸ-ն 2012 թվականին քաղաքացիական վեճ ուներ ֆիզիկական անձանց հետ, որոնց հողատարածք էր վաճառել: Վաճառքի մասին համաձայնագրի բացակայության հիմքով մտել էր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, գործարքն անվավեր ճանաչելու եւ օտարված գույքի հետպահանջի խնդրով: «Սա պրիմիտիվ գործ էր: Գործարք էր կատարվել, որի մեջ մի փաստաթուղթ պակասում էր: Դարձրին հայկական հարց, տարան վերաքննիչ, հետ բերեցին, բեկանեցին, վերեւ-ներքեւ արեցին: Մեկ մենք էինք շահում, մեկ՝ հակառակ կողմը: Հակոբ Բաբայանն ասում էր՝ այս հանրապետությունում խնդիր չունեմ, Աղվանն ախպերս է, եւ այլն: Ինձ այնպես էր վստահեցրել, որ հաղթելու եմ դատարանում, որ ես չէի էլ գնում դատական նիստերի: Սա հասարակ գործ էր, որը, սակայն, տեւեց տարիներ»,- ասում է Հասմիկ Հովհաննիսյանը: Հակոբ Բաբայանը հերքել էր 50 հազար դոլար կաշաք վերցնելու լուրերը: «Իհարկե, ոչ: Վեճի առարկա հողամասն արժե 22 մլն դրամ, ճիշտ 50 հազար դոլար: Եթե Հասմիկն այդքան գումար ունենար, հետ կգներ իր հողամասը, եւ սրանով հարցը կլուծվեր»:
Նշենք, որ 2009 թվականին Հակոբ Բաբայանի անունը նույնպես շրջանառվեց կաշառք վերցնելու գործի հետ կապված. Կոտայքի մարզի հացի փռերից մեկի մոտ զինված ռազբորկա էր եղել, եւ այս գործը ջրելու համար կաշառք վերցնելու մեջ մեղադրվեց ու դատվեց քննիչ Մարտոյանը:
Գործը հսկող դատախազը Հակոբ Բաբայանն էր: Հենց այս գործի հետ էլ այն տարիների մամուլը կապեց դատախազի պաշտոնանկությունը:
hraparak.am
Այս նյութը դիտել են - 1335 անգամ