Պուտինի հետ Սերժ Սարգսյանի նոր պայմանը
2016-12-27 09:45:00
Հայաստանը մասնակցեց Եվրասիական միություն կոչվող կառույցի հերթական Վեհաժողովի, որից հետո հերթական անգամ պարզ դարձավ Հայաստանի զարգացման համար այդ կառույցի անհեռանկարությունը: Եվրասիական միության Վեհաժողովին ստորագրվեց Մաքսային օրենսգիրքը, որն ըստ ԵՏՄ-ականների, պետք է կանոնակարգի պետությունների ներքին հարաբերությունները եւ ընդհանրապես լուծի ԵՏՄ կայացման եւ արդյունավետության հետ կապված մի շարք խնդիրներ:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը չի հավատում դրան, քանի որ ստորագրելով Մաքսային օրենսգիրքը, Սարգսյանը նաեւ բավական ծավալուն ելույթ է ունեցել Վեհաժողովի ընթացքում, որը խոշոր հաշվով հնարավոր է գնահատել իբրեւ գանգատ: Ընդ որում գանգատ, որից պարզ չէ նաեւ, թե ընդհանրապես ինչ է ուզում կամ սպասում Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ից, ուր մտնելու որոշում կայացրել էր մեկ գիշերում` երեք տարի առաջ:
Դրանից հետո բերվեցին 170 միլիոնանոց շուկայի եւ անվտանգության ավելի բարձր մակարդակի փաստարկները, որոնք սակայն հոդս ցնդեցին շատ արագ: Վերջում մնաց փաստարկը, թե ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում վիճակն ավելի վատ կլիներ: Այդ դեպքում առավել եւս պարզ չէ, թե ինչից է գանգատվում Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես` ինչ է նա ուզում կամ սպասում Եվրասիական միությունից:
Երբ երեք տարի առաջ գիշերը կայացվեց որոշումն ու առավոտյան Մոսկվայում նա հայտարարեց այդ մասին, հայտարարեց նաեւ, թե Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է միլիարդավոր ռուբլիների ներդրումների ալիքի մասին: Այդ ալիքը չեկավ, որովհետեւ Ռուսաստանը խրվեց ուկրաինական ճգնաժամի մեջ եւ հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ, դրանից բխող տնտեսական հետեւանքներով:
Կանխատեսե՞լ էր Սերժ Սարգսյանն այդ հեռանկարը: Դժվար է ասել: Կարող էր եւ չկանխատեսել, ի վերջո դժվար է կանխատեսել Պուտինին: Իսկ Պուտինն էլ հազիվ թե Սարգսյանի հետ կիսեր իր պլանները Ուկրաինայի հարցում:
Բայց Հայաստանը ներկայում կանգնած է ԵՏՄ փաստի առաջ, երբ Հայաստանի ձեռքերը կապված են այդ կառույցի վերպետական բնույթով, միաժամանակ Հայաստանի համար այն չունի գործնականում որեւէ շոշափելի տնտեսական ներկա եւ ապագա:
ԵՏՄ-ն Հայաստանին տալիս է միայն «եվրասիական կամրջի» մասին տարբեր պաստառների «ներկը», որով Հայաստանը գրում է «կամուրջի» կարգախոսները եւ ցույց տալիս աշխարհում այս ու այն տեղ, ներդրողներին ու պետություններին: Այդ պաստառների վրա չի նայում ոչ ոք, որովհետեւ որեւէ մեկին եվրասիական կամուրջ պետք չէ, առավել եւս կամուրջ, որի բանալիները գտնվում են ուրիշի, տվյալ դեպքում Ռուսաստանի ձեռքում:
Սերժ Սարգսյանը մի կողմից փորձում է աշխարհին համոզել, թե Հայաստանը կամուրջ է, մյուս կողմից անընդհատ գանգատվում է Եվրասիական միության ներկայիս վիճակից, ցույց տալով Հայաստանի անզորությունն այդ վիճակը փոխելու հարցում: Բանն այն է, որ Հայաստանը չունի հնարավորություն նույնիսկ հստակ դնել խնդիրներն ու սահմանումները, ինչպես դա անում են օրինակ Լուկաշենկոն` պարբերաբար փող կորզելով Ռուսաստանից, կամ ինչպես անում են Նազարբաեւը եւ անգամ Կիրգիզիայի նախագահ Ատամբաեւը, որը Մաքսային օրենսգիրքը ստորագրել է վերապահումով:
Սերժ Սարգսյանն անկարող գտնվեց անգամ ուղղել Պուտինին, երբ նա օգոստոսի 10-ին հայտարարեց, թե Հայաստանը ԵՏՄ շնորհիվ ունի ՀՆԱ 10 տոկոս աճ: Ներկայում նոր կառավարության ֆինանսների նախարարը խոսում է այն մասին, որ Հայաստանը երեւի թե ունենա ՀՆԱ 0,5 տոկոս աճ:
Մյուս կողմից, Պուտինն իհարկե չէր խոսում տնտեսական վիճակի մասին, նա պարզապես այդ կոդով ներքին վերադասավորումների «ազատություն» էր տալիս Սերժ Սարգսյանին, ասելով, թե գոհ է Հայաստանի վիճակից, եւ Սերժ Սարգսյանն ազատ է դրանում կատարել վերադասավորումներ ըստ իր նախընտրական հայեցողության: Պուտինի 10 տոկոսը նրա մոտ Սերժ Սարգսյանի վստահության երկնիշ աճն էր, ոչ թե Հայաստանի ՀՆԱ-ի, ինչը Սարգսյանին հնարավորություն տվեց ձեռնամուխ լինել ներիշխանական լայնամասշտաբ վերադասավորումների:
Այդ իմաստով, Սարգսյանն իհարկե ԵՏՄ-ից փաստացի ստացել է ինչ ուզում է եւ այժմ տալիս է այն, ինչ ուզում է Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը ներկայացնի անպահանջ գանգատներ, որովհետեւ թեեւ դրա մի մասը կարող է հասցեագրված լինել նաեւ հենց Ռուսաստանին, սակայն ընդհանուր առմամբ այդ գանգատարկման տրամադրությունն ու մթնոլորտը առնչվում է ԵՏՄ-ին:
Բանն այն է, որ առկա է բավական ուշագրավ դասավորված մի վիճակ, երբ Ղազախստանը, Բելառուսն ու անգամ Կիրգիզիան պարբերաբար ինչ որ պահանջներ են ներկայացնում ԵՏՄ-ում անհավասարության մասին: Ռուսաստանը լինելով ԵՏՄ նախաձեռնողը, այսպես ասած առաջատարն ու գլխավոր շահառուն, ինչ որ իմաստով կաշկանդված է պատասխան պահանջներ ներկայացնելու մասով` ի վերջո ԵՏՄ-ն այն է, ինչ Ռուսաստանն է կառուցել, հետեւաբար Ռուսաստանը չունի որեւէ մեկից գանգատվելու կամ որեւէ մեկից պահանջելու հնարավորություն: Դա տարօրինակ կլինի: Հայաստանի գանգատը Ռուսաստանի պատասխանն է իրեն ուղղված մյուս անդամների պահանջներին: Հայաստանի գանգատով Մոսկվան «ցրում», «ապակենտրոնացնում» է իրեն ուղիղ հասցեագրվող պահանջները, դրանց տալիս «ընդհանուր բնույթ»:
Դա ԵՏՄ-ում Սերժ Սարգսյանի ծառայությունն է Ռուսաստանին, Հայաստանում ստացած «ազատության» դիմաց: Վերջին հաշվով, ԵՏՄ անդամակցությամբ Սերժ Սարգսյանը լուծել է գերազանցապես ներքին խնդիրներ, կապված իր իշխանության հետ:
lragir.am
Այս նյութը դիտել են - 1635 անգամ