Կաթողիկոսը և նռան բիզնեսը2016-12-28 11:13:00
Այսօր Մայր Աթոռի տեղեկատվական աղբյուրները հավատացյալներին հայտնեցին այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:
Հասկանալի է, որ նման արարողությունը Գարեգին Երկրորդի մտքի հերթական փայլատակումն է, որը գալիս է լրացնելու նրա օրոք կյանքի կոչված ամեն կարգի անհասկանալի և ավանգարդիստական ծիսակատարությունները:
Սկսենք նրանից, որ Գոհաբանական մաղթանքը վերջին տարիներին ներմուծվեց մեր իրականություն՝ հավանաբար, պատճենահանվելով կաթոլիկական ավանդույթներից: Սակայն մեր հոգևոր հայերը անմիջապես դրա համար բացատրություններ ու հիմնավորումներ գտան ու քիչ էր մնում համոզեին, որ նույնիսկ Գրիգոր Լուսավորիչն է իր ժամանակին հանդես եկել նմանատիպ մաղթանքներով:
Իսկ այնուհետև վրա հասավ նռնօրհնեքի օրինականացման պահը: Մարդիկ լսել էին խաղողօրհնեքի մասին, նույնիսկ մի կերպ համակերպվեցին այն մտքի հետ, որ կարելի էր ծիրանի օրհնության օր էլ սահմանել: Բայց նռնօրհնեքն արդեն չափազանց էր:
Չափազանց էր հատկապես այն իմաստով, որ աստվածաբանության հզորները Էջմիածնում անմիջապես սահմանեցին, թե իբր նուռը իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը, իսկ ահա քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:
Մինչև վերջերս հավատացյալները կարծում էին, որ Տիրոջ արյան խորհրդանիշը Զատիկի առիթով ներկվող ձուն է: Բայց հիմա արդեն պիտի ընդունենք, որ այսուհետ ցանկացած կարմիր բան Գարեգին Երկրորդի համար պիտի արյուն նշանակի: Իսկ այն, որ ձմեռվա կեսին նռան օրհնություն է արվում, արդեն իսկ մղում է բոլորովին այլ հետևությունների:
Տպավորություն կա, որ մեր եկեղեցին պարզապես անուղղակիորեն նպաստում է նռան բիզնեսին: Հատկապես Նոր Տարվա նախաշեմին շուկան լի է այդ քաղցրահամ մրգով: Իսկ եթե դրա մի մասն էլ զոհաբերվի եկեղեցուն, ապա առևտրի ծավալներն աննախադեպ կլինեն:
Իսկ որտեղ առևտուրը, այնտեղ մեր կաթողիկոսը:
shame.am
Այս նյութը դիտել են - 1166 անգամ