Սկանդալային ձերբակալություն. ո՞ւր է հասնում կոռուպցիայի շղթան hayeli
2016-12-28 12:48:00

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել սոցիալական ապահովության ոլորտի պաշտոնյաների ձերբակալության մասին:Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ու նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: «ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին: Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը: Հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը): Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու և նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Դեպքը բավականին խոսուն է, ըստ էության նաև շատ լավ նախապատրաստված: Այնուամենայնիվ, եթե խոսքը կոռուպցիոն շղթայի մասին է պետք հստակ և շատ սպառիչ փաստեր ներկայացնել հանրությունը, որ այդ շթայի ամենավերին օղակը բժշկասոցիալական փորձաքննության գործակալության /այն առավել հայտնի է ՖԹԵՔ անունով/ պետն է, ով, ի դեպ, բավականին անվանի և դրական անուն ունեցող հոգեբույժ է և բազմաթիվ անգամներ Հայաստանը ներկայացրել է միջազգային հարթակներում: Եթե խոսքը կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է, ապա ԱԱԾ-ն թերևս պետք է սպասեր մինչև որ ծրարված գումարները կտեղափոխվեին այլ, ավելի բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետներ: Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը խիստ կոռումպացված է, և այդ մասին կարող են վկայել այդ համակարգի հետ գործ ունեցած քաղաքացիների մեծ մասը: Այս տեսանկյունից ԱԱԾ բացահայտումը հասարակության համար նորություն կամ խնդրի լուծում չէ:
Նորությունը կլինի այն, եթե համակարգը երբևէ ձերբազատվի կաշառքից և կոռուպցիայից: Խնդիրը սակայն այլ է. եթե կոռուպցիայի շղթան չհասնի ավելի վերևներ, և ձուկը գլխից չբռնվի, կնշանակի մենք գործ ունենք հերթական քավության նոխազի հետ, որը որպես զոհաբերություն ժամանակ առ ժամանակ արվում է՝ հանրային շոուն ապահովելու համար: Ի վերջո, եթե ողջ հասարակությունը տեղյակ էր, խոսում էր բժշկասոցիալական փորձաքննությունների կոռուպցիայի մասին, ինչպես կարող էին այդ մասին չիմանալ սոցապ նախարարը, վարչապետն ու անգամ նախագահը: Եվ եթե իմանալով հանդերձ թույլ էին տալիս, որ արատավոր համակարգը գործի, նշանակում է՝ դա կա՛մ նրանց ձեռնտու էր, կամ էլ առնվազն չէր խանգարում: Ի դեպ, այս համակարգում պաշտոնանկություններ, նաև ձերբալություններ /ոչ գործակալության պետի մակարդակով/ եղել են նաև նախկինում:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք վարչապետի վերահսկողական ծառայությունը սկանդալային ուսումնասիրություն հրապարակեց, որտեղ նշված էին հաշմանդամության կարգի համար նախատեսված կաշառքների չափերը: Դրանից հետո, սակայն, ՖԹԵՔ-ի նախկին պետ Միշա Վանյանը կոռուպցիոն փաստերի համար պաշտոնանկ արվեց, սակայն բանն այն ժամանակ ձերբակալության չհասավ:

Հազիվ թե ԱԱԾ-ն այն ժամանակ ցանկության դեպքում համապատասխան փաստեր չէր կարող հայթայթել, որովհետև վարչապետի վերահսկողական ծառայությունը արձանագրել էր, որ ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ գումար են պահանջում քաղաքացիներից: Այն ժամանակ մամուլում եղան հրապարակումներ, որ ձերբակալության դեպքում Վանյանը կարող էր իր հետ մի քանի ավելի  մեծ շնաձկների էլ տանել, իսկ իշխանությանը ձեռնտու չէր, որ նա բերանը բացի: Ի՞նչ խնդիր է լուծվում հիմա՝ ցույց կտա ժամանակը:

Կարինե Սարիբեկյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1363 անգամ