«Ժամանակը շատ արագ է անցնում, միայն ես չէ, մենք բոլորս արագ ենք մեծանում այդ դասաժամին» ...2016-01-14 18:05:00
ԱՅԴ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԻՆՁ ՄԵԾԱՑԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ: Թղթի վրա կապույտով գրված տողը նորից եմ ընթերցում, զարմանքը պատում է ինձ, որ գրականության դասաժամին այս համեստ աշակերտուհին իմ այդ դասաժամին իրեն մեծացած է զգում: «Ըզգալ» բառի գրության սխալն աչքիս չի երևում, բայց մի քանի տողում նոր միտք եմ տեսնում. «Ժամանակը շատ արագ է անցնում, միայն ես չէ, մենք բոլորս արագ ենք մեծանում այդ դասաժամին» / Ավետիսյան Ալինա, 7-րդ դասարան/:
Այս ուստարվա ամիսների ընթացքում, որ դասավանդում եմ այդ դասարանի աշակերտներին, միշտ էլ նա առանձնացել է իր անխոս լռությամբ, ոչինչ չի խոսում, երբեմն այնքան ցածր, որ ձայնը չի լսվում անգամ: Նորից նայում եմ դասամատյանի նրա գնահատականներին, բազմաթիվ անբավարար գնահատականներ` դրանց արանքում երբեմն երևացող մեր օրերի գնահատման համակարգի նվազագույն դրական համարվող «4»-երով: Եվ ես հարցնում եմ նրան.«Դա լա՞վ է, որ քեզ մեծացած ես զգում»: Նա չի խոսում, միայն գլխով հաստատում է: Եվ ես նորից եմ հարցնում. «Կարո՞ղ ես ասել մեծացած զգալու պատճառը...»: Նա շատ կամաց խոսում է, իսկ ես չեմ լսում, իմ զարմացած հայացքին ի պատասխան, նորից կարծես ինքն իր համար մի քանի բառեր է ասում, ու դրանց մեջ ես տեսնում եմ ինձ` իրեն դասավանդող ուսուցչուհուս: Եվ ահա առաջարկում եմ.«Մեկ նախադասությամբ գրի՛ր, այլապես խոսքերդ չեմ լսում»: Ու նա ավելացնում է տողեր շատ արագ, և նորից իմ աչքին չի երևում նրա գործածած բառի սխալը.«Ձեր խոսելաձևը, ասած մտքերը..., աշխարհը այդ պահին փոխվում է իմ աչքին...»:
Գրականության դասաժամին աշխարհն իր աչքին փոխվող և դասարանի վերջին նստարանին նստած աշակերտուհին իմ աչքին էլ փոխվում է: Եվ ես ուզում եմ ամեն անգամ իմ խոսքով բոլորի աչքին փոխել աշխարհը, այն դարձնել հրաշալիք և ապրել բոլորի գեղեցիկ ու լուսավոր կյանքով, որ իմն է նաև...
Նատաշա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1807 անգամ