Սիրելի՛ լրագրողներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Անկախության 25 տարիների ընթացքում, հետևելով հայ մամուլի կայացմանը, տեսանելի է, որ այսօր մենք ունենք պրոֆեսիոնալ դաշտ պրոֆեսիոնալ լրագրողներով:
Հայ մամուլի կայացվածությանը մենք ականատես եղանք նաև ապրիլյան ծանր օրերին, երբ բոլորս՝ լրագրող, քաղաքական գործիչ, քաղաքացիական հասարակություն, զինվոր, ժողովուրդ միահամուռ կերպով համախմբվեցինք և կանգնեցինք պետության ու զինվորի կողքին: Նման օրերին զգոնությունը, ինտրիգներից խուսափելը և կենտրոնացված աշխատելը խոսում են պրոֆեսիոնալիզմի և ինքնակայացման մասին:
Ամփոփելով 2016 թվականը՝ ցանկանում եմ նշել, որ արդյունավետ եմ գնահատում մեր համագործակցությունը, լիահույս եմ, որ որևէ լրագրող անպատասխան չի մնացել. «Հանրապետական» խմբակցության դռները միշտ բաց են բոլորի և բոլոր հարցերի համար:
Ակնկալում եմ գալիք տարում նույնքան արդյունավետ համատեղ աշխատանք և շարունակական փոխհասկացվածություն: Ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան միջավայրը լրագրողին թույլ է տալիս աշխատելու ազատ, անկախ, անկողմնակալ ու չկաշկանդված, ուստի մաղթում եմ, որ երբևէ որակը չստորադասվի քանակին, անկողմնակալությունը՝ անձնական շահերին, օբյեկտիվությունը՝ սուբյեկտիվ մոտեցումներին, ճշմարտությունը՝ ապատեղեկատվությանը: Պետությունը աջակցել և աջակցում է Ձեր արդար և թափանցիկ գործունեությանը:
Սիրելի՛ լրագրողներ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, Ձեր բարի նախաձեռնություններին՝ միայն հաջողություն: Թող որ Աստծո օրհնությունը ուղեկից լինի Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար՝
Վահրամ Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 1590 անգամ