Կեղտի մեջ թաղված՝ մաքրություն անել չես կարող Hayeli
2016-12-29 16:52:00

Կառավարության տարեվերջյան նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստիպված է եղել ներկայացնել բարեփոխումների փաթեթը:

Պատճառը նախորդ շաբաթվա վերջում կատարված կոռուպցիոն սկանդալն էր, որի արդյունքում ԱԱԾ կողմից ձերբակալվել են պաշտոնյաներ, մասնավորապես ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Կառավարության նիստից հետո Արտեմ Ասատրյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ԲՍՓ նախկին պետ Միշա Վանյանը, որի մոտ չարաշահումներ էին հայտնաբերվել, միայն աշխատանքից ազատվեց, մինչդեռ Արմեն Սողոյանը, որն առավել հայտնի է որպես պարկեշտ պաշտոնյա, ձերբակալվում է, Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ գործը քննում են իրավապահ մարմինները, ուստի ինքը զերծ է մնում այլ գնահատականներից: 

«Գործն իրավապահ մարմինների գործառույթների շրջանակում է, և մենք գիտենք, որ գործը քննության ընթացքում է: Իրավական գնահատականը կտան իրավապահները»,- ասել է նախարարը և հավելել, որ բարձր է գնահատում Արմեն Սողոյանի մասնագիտական և մարդկային որակները:

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ համակարգային փոփոխությունները, որոնց մշակումը սկսվել է 2014թ.-ից, պետք է ուժի մեջ մտնեին այս տարվա հունվարից:

Իսկ փոփոխություններին լայնորեն անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանը և սոցապ նախարարին տվել մի շարք հանձնարարականներ. «Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել:Եվ այդ իսկ պատճառով մեր սոցիալական նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ում որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու կամ աշխատանք որոնելու ցանկությունը»:

Կարեն Կարապետյանն ասել է, որ  բժշկասոցիալական փորձաքննության համակարգում պետք են արմատական բարեփոխումներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարություն է տրվել՝ տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Ըստ այդմ՝ պետք է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշում կայացնողների հետ, պետք է ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին, վերանայել հաշմանդամության սահմանում գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը՝ յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը: Վարչապետը նաև հատուկ շեշտել է, որ պետք է ձևավորել նոր անձնակազմ՝ փոխելով  որակավորմանը ներկայացվող պահանջների թվաքանակի և վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատուկ հանձնարարական է տրվել՝ նաև խստացնել աշխատանքային ստաժի հաշվառման համակարգը՝ բացառելով առանց հիմքերի տրված փաստաթղթերի կիրառումը:

Այս համակարգն իրականում չափազանց կոռումպացված է, և այստեղ հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմ գտնելը իրապես դժվար է: Վարչապետի մոտեցումը կոնկրետ  մի հարցում, թե որոշում կայացնողն ու քաղաքացին որևէ շփում չպետք է ունենան, արդարացված է:

Ընդունելի է նաև այն թեզը, թե սոցապ նախարարությունը չպետք է զբաղվի մի գործով, որը չի կարողանում շատ լավ կատարել: Ըստ էության հաշմանդամությունը, որն ուղղակիորեն ասոցացվում է անաշխատունակության հետ, ավելի շատ առողջական իրավիճակ է արտացոլում, քան թե սոցիալական:

Նախարար Արտեմ Ասատրյանը տրված խիստ ժամկետներում ինչ մոդելներ է առաջարկելու՝ դժվար է ասել: Բայց ներկա համակարգը այնքան կեղտոտ է, որ այնտեղ մուտք ունեցողը մաքուր մնալու տարբերակ չունի:

 Դավիթ  Մանուկյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1397 անգամ