2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջև ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում:
Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած փախստականների ընդունման հետ կապված զգալի մարտահրավերները՝ այս ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև առավել վաղ հաստատված համագործակցությունը Հայաստանում տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:
Ծրագրով կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի դերը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ այլ նաև Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված բնակչության պաշտպանության հարցում: Համագործակցությունը, մասնավորապես, կիրականացվի հետևյալ ոլորտներում՝ ա) Հայաստանում ազատությունից զրկման վայրերում գտվող փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության իրավիճակի ուսումնասիրություն, բ) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում, գ) Պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակում:
Այս նյութը դիտել են - 1310 անգամ