Չլսված կաթողիկոսի եթերային բոյկոտը
2017-01-03 09:55:00

Ողջ աշխարհում ավանդույթ է՝ քաղաքական և հոգևոր առաջնորդները տարեմուտի գիշերը շնորհավորում են իրենց ժողովրդին: Քաղաքական իմաստով հասարակությունը տարասեռ է, այն կարող է կիսել կամ չկիսել ղեկավարի հայացքները: Հոգևոր իմաստով պատկերը փոքր-ինչ այլ է, այստեղ այլախոհությունը դասական իմաստով ըստ էության լինել չի կարող, հավատը շեղումներ չի ընդունում:

Ահա այս համատեքստում, երբ Նոր Տարվա գիշերը հավատացյալները բոյկոտ են հայտարարում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և հորդորում են նրան ելույթի պահին անջատել հեռուստացույցները, այստեղ վեհափառն ու եկեղեցին մտահոգվելու և խորհելու լուրջ հիմքեր ունեն: Սա սոսկ անձի հանդեպ հակակրանքի դրսևորում չէ, այլ ավելի խոր արմատներ ունի:

Իր հավատի հանդեպ նախանձախնդիր, իր եկեղեցին մեծարող, իր հոգևոր առաջնորդների հանդեպ մշտապես հարգանք դրսևորած ժողովուրդը, երբ տարբերակող վերաբերմունք է հանդես բերում նույն եկեղեցու առաջնորդի նկատմամբ, նա թիկունքում ունի հիշողություն, ունի դժգոհություն, ունի կուտակված զայրույթ և ներքին այն համոզմունքը, որ կա ընդգծված անհամապատասխանություն իր պատկերացումների և իրականության միջև:

Այս իսկ պատճառով էլ խիստ ռացիոնալ և խելամիտ է հեռուստացույցն անջատած պահելու որոշումը, որովհետև երբ կաթողիկոսը եթերից արտասանի՝ «Պահպանեք ձեր հավատքը, պահպանեք ձեր հայրենասեր, ազգանվեր ոգին, հոգ տարեք միմյանց, հոգացեք հավիտենական կյանքի համար, որ ունենք Հիսուս Քրիստոսով», էկրանի առաջ նստած քաղաքացին պիտի հարցնի. «Իսկ դու պահպանո՞ւմ ես»: Երբ կաթողիկսը հորդորի. «Ծառայենք միմյանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու», նրան ունկնդիր հավատացյալը պիտի հարցնի. «Իսկ ինքդ ծառայո՞ւմ ես»:

Ու քանի որ դեռ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն չեն ստեղծում, որ եթերից այն կողմ լսելի լինի մարդկանց արձագանքը, այս հարցերը պիտի անպատասխան մնան:

Բայց երբ հարցը հռետորական է, այդ դեպքում պատասխանելու կարիք չկա: Ամեն բան առանց դրա էլ հստակ է ու պարզ:

shame.am

Այս նյութը դիտել են - 1718 անգամ