Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորում ստացած Հովհաննեսը կամաց-կամաց ապաքինվում է. առանց ձեռնափայտի քայլում է, սկսել է խոսել, թեեւ ոչ շատ վարժ: Սա է պատճառը, որ տեսախցիկի առջեւ հրաժարվում է խոսել, միայն մի քանի բառ է ասում, այն էլ մոր ու քրոջ խնդրանքներից հետո:
«Ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է Հովհաննեսն ու լռում:
Հովհաննեսի փոխարեն մայրն է խոսում: Տիկին Գայանեն կրկին վերհիշում է` որդին երկու անգամ է վիրավորվել. Ապրիլի 3-ին Թալիշում բեկորային վիրավորում էր ստացել, մի քանի ժամ հոսպիտալում մնալուց հետո կրկին դիրքեր էր վերադարձել, երկրորդը` կրկին Թալիշում էր, մայիսի 13-ին Հովհաննեսը մոտեցել է աղբյուրին լվացվելու, հենց այդ պահին էլ հակառակորդի կողմից գլխի շրջանում վիրավորում ստացել: Մարտակերտի, ապա Ստեփանակերտի, վերջում Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված Հովհաննեսի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր էին գնահատում, կոմայի մեջ էր, հարազատներին նույնիսկ վատագույնին էին նախապատրաստել, սակայն զինծառայողը բոլորին ապացուցեցին` ինքն ապրելու է: Վիրավորվելուց 26 օր անց կոմայից դուրս եկավ, որոշ ժամանակ անց արդեն Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն տեղափոխվեց, որտեղ համառ պարապմունքների շնորհիվ սկսեց սկզբում կանգնել, հետո նաեւ քայլել:
Մինչ հիվանդանոցում եւ վերականգնողական կենտրոնում Հովհաննեսը պայքարում է եւս մեկ առաջընթաց ունենալու համար, մայրը փորձում է դասավորել որդու փաստաթղթերը, որ հաշմանդամության թոշակը գոնե ստանան. «Պետության կողմից միանվագ 500 հազար եւ 100 հազար դրամ է նախատեսված, սակայն առ այսօր չենք ստացել: Երբ զանգում ենք, ասում են` այսօր կլինի, վաղը կլինի, ու մինչեւ այսօր նորություն չունենք: Երեւի թե երեք զինվոր է մնացել, որ այդ գումարը չի ստացել, մեզ ասում են` բյուջեում փող չկա: Մենք նույնիսկ հաշմանդամության թոշակը չենք ստանում, վիրավորվելուց յոթ ամիս է անցել, բայց դա էլ են ձգձգում»:
Տիկին Գայանեն ընդգծում է` պետությունից միայն որդուն հասանելիք գումարն է պահանջում, ավելին, ուզում է, որ Պաշտպանության նախարարությունը պատշաճ ուշադրություն դարձնի որդուն: Նշենք, որ Հովհաննեսին այս յոթ ամիսներին միայն առողջապահության արդեն նախկին նախարար Արմեն Մուրադյանն է այցելել, իսկ Սեյրան Օհանյանը երբեք չի այցելել, նույնիսկ շնորհակալագիր չի տվել:
«Սեյրան Օհանյանին թոշակի հարցով դիմել եմ, ասաց` շուտ կլինի, բայց յոթ ամիս ա` չենք ստացել, Սեյրան Օհանյանի պարտականությունն էր գալ եւ շնորհակալություն հայտնել տղայիս, բայց դա էլ չարեց: Իմ երրորդ տղային բանակ չեմ ուղարկելու, Հովհաննեսն իր եղբոր տեղն էլ ծառայեց, Անդրանիկիս 18 տարեկանն ապրիլին լրանում է, որից հետո ուզում են բանակ տանել, բայց թույլ չեմ տալու: Հիմա ասում եմ` ով գա, Անդրանիկիս ուզենա տանի ծառայության, Հովհաննեսիս վրեժն իրանցից լուծելու եմ»,- ասում է մայրը:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, ընտանիքը Երեւանում վարձով է բնակվում:
Այս նյութը դիտել են - 3698 անգամ