Քլինթոն ամուսինները մտադիր են ներկա գտնվել Թրամփի երդմնակալությանը
2017-01-04 20:18:00

ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթնն ու նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, որը 2016-ին հավակնում էր ԱՄՆ նախագահ դառնալ, մտադիր են ներկա գտնվել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ենդմնակալությանը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքական գործիչների օգնականներին։

Երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու ծրագրերը հաստատել են նաեւ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ու նրա կինը՝ Լորա Բուշը։Սակայն Բուշ կրտսերի հայրը՝ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը, առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ներկա գտնվել հանդիսությանը։

Արարողության հյուրերից են լինելու նաեւ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշելը։

Ավելի վաղ, հունվարի 3-ին, Թրամփը հայտնել էր, որ իր առաջին մեծ մամուլի ասուլիսը կտա հունվարի 11-ին։ Նա, մասնավորապես, մտադիր է պատմել, թե ինչպես է նախագահի պաշտոնում կառավարելու իր բիզնեսը՝ խուսափելով շահերի բախումից։

 2016-ի նոյեմբերի 8-ին ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը։ Նրա երդմնակալությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգթոնում, ենթադրվում է, որ արարողությանը ներկա կգտնվի 2-3 մլն մարդ։
Այս նյութը դիտել են - 2182 անգամ