Ողջ համակարգը մի քանիսի պատճառով դարձել է համընդհանուր պախարակման առարկա2017-01-09 22:33:00
Այն, որ մարդկային քաղաքակրթության կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ խոսքի ազատությունն ու մարդու՝ ազատորեն արտահայտվելու իրավունքի երաշխավորումն է՝ կասկածից վեր է:
ժամանակակից աշխարհում, համենայնդեպս դրա քաղաքակակիրթ հատվածը ներկայացնող երկրներում մարդու, քաղաքացու խոսքի ու մտքի ազատությունը նույնքան անձեռնմխելի է համարվում, որքան ասենք կյանքի իրավունքը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է ցավով նկատել, որ չնայած հատկապես վերջին շրջանում իշխանություններն առիթը բաց չեն թողնում՝ հայտարարելու, հավաստիացնելու բոլորին, թե երկրում խոսքի ազատության առաջին ու հիմնական երաշխավորները հենց իրենք են, սակայն, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում այս առումով, մեղմ ասած, այնքան էլ ամեն բան իդեալական չէ:
Բանը հասել է նույնիսկ նրան, որ իշխանությունների համար այնքան կարևոր այս նախըտրական շրջանում, երբ վերջիններս տարված են բացառապես սեփական վերարտադրության մասին մտքերով, իսկական ինֆորմացիոն ահաբեկություններ ու դեմարշներ են կազմակերպվում սփյուռքում գործունեություն ծավալող ազատ, անկախ, ԶԼՄ-ի ու դրա հետ կապ ունեցող անձանց դեմ՝ գործի դնելով ամենաստոր ու արգահատելի տեխնոլոգիաները:
Խոսքը, մասնավորապես, USArmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանի, նրա ընտանիքի, ինչպես նաև նրանց հետ մտերիմ, հարազատական կապերի մեջ գտնվող մարդկանց դեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի կողմից կազմակերպված արգահատելի գործողությունների մասին է:
Սրանք, անցնելով բոլոր գրված ու չգրված օրենքների սահմանները, ձեռնամուխ էին եղել համապատասխան անձանց՝ ֆեյսբուքյան տիրույթում վարկաբեկման գործին ու կորցրած ամոթի տարրական զգացումը, միայն փողոցայիններին հատուկ բառապաշարի օգտագործմամբ վիրավորել են մարդկանց արժանապատվությունը:
Իհարկե, այն, որ ուժային կառույցները հասարակ օգտատերերից տասնյակ անգամներ ավելի լավ են տիրապետում բարձր տեխնոլոգիաների ոլորտին, ինֆորմացիոն գործիքներին և այլն, առանձնապես գաղտնիք չէ. բոլոր երկրներում է այդպես:
Պարզապես, այստեղ հարցն այն է, թե ասենք նույն ոստիկանության՝ սեփական գործում հմուտ լինելու իրողությունը որքանով է ծառայում իրավապաշտ քաղաքացիների շահերին և որքանով է ուղղված հենց նրանց դեմ:
Չնայած, չենք կարող հաստատապես պնդել, որ անձամբ ոստիկանապետ Գասպարյանն, ով, ի դեպ, պետք է խոստովանել, բավական մեծ ջանք է գործադրել համակարգը խելքի բերելու ու դրան մարդկային դեմք հաղորդելու ուղղությամբ, տեղյակ է իր որոշ ենթակաների ապօրինի գործողությունների մասին, սակայն, միայն այն, որ նրա անմիջական ղեկավարության տակ գտնվողներն իրենց թույլ են տվել ոչ մի մարդկային բարոյականության ու տրամաբանության սահմաններից ներս չտեղավորվող ու ողջ համակարգն ու դրա ղեկավարությանը վարկաբեկող գործողություններ, կարող է խոսել միայն այն մասին,որ համակարգում առնվազը վերահսկողության հետ կապված խնդիրներ կան (չենք ուզում հավատալ, որ այս ամենը տեղի է ունեցել Գասպարյանի անմիջական իմացությամբ):
Իսկ թե հատկապես ինչով է պայմանավորված հենց USArmenianews.com-ի նկատմամբ համապատասխանների դրսևորած ուշադրությունը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել. էլեկտրոնային այս ռեսուրսն այն բացառիկներից է, որ չի սնվում իշխանական որևիցե կլանից, անկախ է ու ամեն կերպ ջանում է պահպանել լրագրողական օբյեկտիվիզմի կանոնները:
Իսկ օբյեկտիվիզմն, ինչպես հասկանալի է, այժմ այնքան էլ չի կարող ձեռնտու լինել նախընտրական ժամանակահատված թևակոխած հայաստանյան իշխանություններին, ու մարդիկ, ըստ էության, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու, փորձում են «սանձահարել» անցանկալի ինքնուրույնություն դրսևորող ու սեփական դեմք ու ձեռագիր ունեցող ԶԼՄ-ին, անկախ այն բանից, թե այն Հայաստանի սահմաններից ներս, թե դուրս է գործունեություն ծավալում:
Մնում է, պարզապես հուսալ, որ Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակը ժամանակին կգտնի իր պատասխանն և ապօրինություններ թույլ տված «օրինապահները» կգտնեն իրենց արժանի պատիժը:
Անմտություն կլիներ ողջ համակարգը մի քանիսի պատճառով դարձնել համընդհանուր պախարակման առարկա:
Ալեքսանդր Գրիգորյան
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 9887 անգամ