ԼՂՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ
2017-01-12 04:00:00
 ԼՂՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ   
Մեծագույն շնորհակալություն ԱՄՆ Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com»  լրատվական կայքի խմբագիր հարգարժան Գայանե Մանուկյանին և ամբողջ խմբագրակազմին` մեր բնակավայրի կյանքը համայն հայությանը տեսանելի դարձնելու, սփյուռքում հայապահպանության, հայեցի խոսքն ամենուր հնչեցնելու համար: 
Ամբողջ հայությունը մեզ հետ էր իր կարոտաբաղձ ու անհանգիստ տագնապներով, երբ ապրիլյան օրերին Արցախի սահմանին կանգնած հայ զինվորի ու սպայի մարտական ոգին էր թևածում կայքի էջերում, հրետակոծվող Մարտակերտի ցավալի կանչը, ազգի անպարտելիությունը, նրա հերոսական ոգին, հայոց մայրերի կարոտը, խաղաղ օրերի երազանքը, հայոց բանակի լինելությունը` հանձին Արցախի վաստակավոր մանկավարժ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի` կայքին հղած բազմաթիվ հոդվածների:
Արդեն 2-րդ տարին է, ինչ կայքի «Մանկավարժի անկյունը» ուրվագծում է իր էջերում սահմանամերձ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցը, նրա աշակերտների ստեղծագործական միտքը, նոր սերնդի ուսումնադաստիարակչական ու հայրենանվեր գործունեությունը:
Ամեն անգամ այդտեղ բարձրաձայնվում և ամրագրվում է հայ մարդու նկարագիրը` համեմված այն մեծ իմաստությամբ, որ մարդասիրությունն է ուսուցանելու իսկական արվեստը և մեր ազգի հարատևության երաշխիքը, որ հայ մարդը միշտ էլ մեծարել է մանկավարժի պատվավոր գործը, քանի որ հայապահպանության գործում առանձնապես նրանց է վերապահված այդ մեծ առաքելությունը:
Որպես տեղեկատվական աղբյուր` նորանոր հաջողություններ ենք մաղթում «USArmenianews.com»  հայկական-լրատվական կայքի բոլոր աշխատողներին` խմբագիր Գայանե Մանուկյանի գլխավորությամբ, ցանկանում նոր ստեղծագործական վերելքներ հայակերտման սրբազան գործում:

Քաղաքային համայնքի ղեկավար` Մ. Գ. Գյուրջյան

 Շնորհակալական խոսք 
Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Մ. Գ. Գյուրջյանին
Շատ ուրախալի էր, նաև մեծ անակնկալ` Ձեր կողմից անձիս` «USArmenianews.com»  լրատվական կայքի խմբագրիս և մեր կայքի ամբողջ խմբագրակազմին ուղղված շնորհակալագիրը, որն ընդունեցինք ջերմ զգացողությամբ: Միշտ էլ Արցախը համայն հայության ուշադրության կենտրոնում է, այդ մասին են վկայում նաև մեր կայքում տեղադրված բազմաթիվ նյութեր:
Մենք` բոլորս էլ անհանգիստ սրտի տրոփյունով ապրիլյան օրերին մեր հայրենակիցների հետ էինք, առանձնապես` Մարտակերտի, նրա շրջակա գյուղերի բնակչության, սահմանում կատարվող իրադարձությունների ապրումներով:
Հատկապես մեր պարծանքն է համարվում կայքի «Մանկավարժի անկյուն» բաժինը, որտեղ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի` մեզ հղած մանկավարժական, ուսումնական, դաստիարակչական և այլ բազմաբնույթ ստեղծագործական հոդվածներով ներկայացնում է սահամամերձ դպրոցը, նրա աշակերտներին ու մանկավարժներին: 
Իմ և կայքի բոլոր աշխատողների կողմից խորին շնորհակալություն Ձեզ, նաև համոզված ասենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ կունենա, և այն կարձանագրվի նորանոր հաջողություններով:
Կայքի խմբագիր` Գայանե Մանուկյան
 
Այս նյութը դիտել են - 6345 անգամ