Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը վրդովված է դատարանում մեղադրյալ կուրսանտների պահվածքից:
Այսօր՝ հունվարի 14-ին, դատական նիստի հետաձգելուց հետո Արկադի Բարսեղյանը դատավորին խնդրեց կարգի հրավիրել մեղադրյալներին:
«Ամեն անգամ, ժպիտը դեմքներին գնում են, Գնել Թեւոսյանը ամեն անգամ դուրս գալիս պտտվում ա, մի հատ ժպտում, աչքով ա անում հարազատներին: Տպավորություն է, թե ամեն ինչ լավ ա»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Նշենք, որ այսօր արդեն 5-րդ անգամ գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալի չներկայանալու պատճառով: Դատաքննության սկսելուց հետո առայժմ միայն մեկ դատական նիստ է կայացել:
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ռազմական ոստիկանությունը կրկին չէր կարողացել ապահովել ծառայության մեջ գտնվող Վարազդատ Սաֆարյանի ներկայությունը դատարանում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Այս նյութը դիտել են - 1691 անգամ