Վանաձորի քաղաքապետը հրաժարական չի տա...«Հայելի»
2017-01-13 22:26:00

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարականի դիմում չի պատրաստվում ներկայացնել։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը․

«Իմ ամենօրյա սովորական ռեժիմով աշխատում եմ, իրականացնում եմ իմ գործառույթները, աշխատում եմ հունվարի 13-ին աշխատող ցանկացած քաղաքապետի ռեժիմով, չնայած ուրբաթ 13 է, բայց աշխատում ենք։ Վերջին ձյան սառցակալած փողոցներն ենք մաքրում, իրականացնում  ենք մեր սովորական գործառույթները»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ արդեն երեք ամիս Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ խմբակցությունները ավագանուն լուծարելու պահանջով դիմել են Կառավարությանը։

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ ընդդիմության պահանջը հիմնավորված չէ․

«Օրենքը հստակ ասում է, որ հերթական նստաշրջանում եթե երեք ամիս նիստ տեղի չի ունեցել, ապա կառավարությունը կարող է լուծարել, բայց հերթական նստաշրջանը սկսվել է դեկտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 10-ին արդեն տեղի է ունեցել ավագանու առաջին նիստը»,-ասաց Ասլանյանը։

Մեզ հետ զրույցում Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Քրիստ Մարուքյանը տեղեկացրեց, որ Կառավարությունից իրենց դիմումին ուղղված պատասխան դեռ չեն ստացել․

«Պատասխանի համար 15-օրյա ժամկետ կա, էդ ժամկետի մեջ պիտի որ պատասխանեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքից հետո երկրորդ տեղը զբաղեցրած Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոալիցիոն դաշինք կազմեց ԲՀԿ-ի եւ ՀՎԿ-ի, սակայն փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ավագանու առաջին նիստի օրը քաղաքապե ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։ Մինչ օրս պարզ չէ, թե ովքեր էին ավագանու այն չորս անդամները, որոնք կոալիցիոն համաձայնագրին հակառակ քվեարկեցին, ուստի բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի արդյունքում Վանաձոր համայքնի 2017 թվականի բյուջեն չի հաստատվել։

Սեդա Ղուկասյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1508 անգամ