«Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանն այսօր, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի հետ հանդիպմն ժամանակ:
ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հիմնադրամը պաշտպանության նախարարության հետ պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր ծրագիր է նախաձեռնել, որի վերաբերյալ հուշագիրը ստորագրել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը
Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։
Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։