Նոյեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Շվեյցարիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ժնևի քաղաքային խորհրդի բարձր հովանու ներքո Ժնևի Կոնսերվատորիայի մեծ սրահում տեղի ունեցավ ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Շվեյցարահայ հայտնի դիրիժոր Լյուկ Բաղդասարյանի գլխավորած «Ժնևի Սիմֆոնիկ վարիացիաներ» նվագախմբի կատարմամբ ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Գուգեն Ալեմշահի ստեղծագործությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Սամի Կանաանը, ով ընդգծեց «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանության լիարժեք և ամբողջական ճանաչման, դատապարտման, ինչպես նաև հիշողության տուրքի անհրաժեշտությունը»: Նա դատապարտեց Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը, «որոնք խոչընդոտում են ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ ապագային»: Սամի Կանաանը հույս հայտնեց նաև, որ հաջորդ տարվա ընթացքում արդեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշողության լապտերներ» հուշակոթողն իր արժանի տեղը կգտնի Ժնևում:
Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում ընդգծեց, որ «ցեղասպանությունը մեկ ժողովրդի դեմ իրագործված ոճիր չէ, այն ծանրագույն հանցագործություն է ողջ մարդկության դեմ, մարդկության համընդհանուր պարտությունը: Եվ միայն հիշողության համընդհանուր տուրքն է, որ ի զորու է մեղմել արնածոր վերքի ցավը»:
Նա նշեց, որ «հիշողությունը, ճանաչումը, դատապարտումն այդ սոսկալի ոճրի կանխարգելման միակ երաշխիքն են: 1939 թվականին Հիտլերի խոսքերը «Ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին» ևս ցույց են տալիս այն անմիջական կապը, որ առկա է ժխտման, անպատժելիության և ոճրի կրկնման միջև»:
«Այդ համոզմունքով էր, որ մարտի 27-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրը, Հայաստանի նախաձեռնությամբ, ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որում ընդգծում էր անպատժելիությանը, ժխտողականությանը վերջ դնելու կարևորությունը: Ժնևյան այդ բանաձևի հիման վրա ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան, Հայաստանի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:
Դեսպանորդ Տոլմաջյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակն առիթ է նաև վերստին հիշելու և երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կողքին են եղել իր պատմության այդ դժնի օրերին: Նա երախտիքի խոսքեր ուղղեց շվեյցարացի ժողովրդին՝ ի համերաշխություն հայ ժողովրդի Շվեյցարական Համադաշնության ողջ տարածքում սկիզբ առած լայնածավալ շարժման համար: Հազարավոր հայերի կյանքն ու արժանապատվությունը փրկելուց զատ շվեյցարացի նվիրյալներն օգնեցին մեր ժողովրդին վերագտնելու մարդկության հանդեպ սասանված հավատը, հայրենիքի ապագայի և վերածննդի կորսված հույսը և դարձան հայ-շվեյցարական բարեկամության իրական դերակատարներ և խորհրդանիշներ:
Ոգեկոչման միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ շվեյցարացիներ: