Մինչև վերջերս իշխանության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գնալով մեծացնում է իր խոսքի ու գնահատականների ընդդիմադիր դոզան։ Նա պարբերաբար քաղաքական հայտարարություններ է անում ֆեյսբուքյան իր էջում, որոնցով ներկայացնում է Հայաստանի ներկայիս իրավիճակը, նաև ակնարկներ անում այդ վիճակի համար իր պատասխանատվության չափի մասին: Տվյալ պարագայում ավելի ճիշտ կլինի օգտագործել անպատասխանատվություն բառը, քանի որ պաշտպանության նախկին նախարարն ամեն կերպ փորձում է իրենից հեռացնել պատասխանատվությունը, ինչ-ինչ պատճառաբանություններ գտնել դրա համար։
Իր վերջին գրառման մեջ խոսելով Հայաստանի «թուլացած տնտեսության», «ահագնացող արտագաղթի», «ժողովրդի հուսալքության», «իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության», «աղքատության մակարդակի՝ արդեն ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը հատելու» մասին, Սեյրան Օհանյանն իր պատասխանատու անպատասխանատվության մասով հայտարարում է. «Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը»։
Այնուհետ հայտարարության մեջ նա էլ ավելի է ուժգնացնում ընդդիմադիր ելևէջները, ընդգծում ամենաթողության, անարդարությունների, օրենքի առջև հանրային անհավասարության, յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու, կոռուպցիայի, մի խոսքով, իր արտահայտությամբ՝ «Երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին»։
Իր նշած երևույթները, իրավիճակն Հայաստանում եղել են տարիներ շարունակ, ստեղծվել են իր աչքի առաջ, ինչու ոչ, նաև՝ իր մասնակցությամբ (հիշենք նրա դերակատարությունը Մարտի 1-ի ժամանակ)։ Ս. Օհանյանը նախկինում երբևէ չի ընդդիմացել այդ վիճակին, չի խոսել դրանց մասին, թեև, լինելով կառավարության անդամ, դրա հնարավորությունը լիարժեքորեն ունեցել է։ Ինչքան էլ փորձի իր զբաղեցրած պաշտոնը, ունեցած իրավասությունները, պաշտոնական գործառույթները անմասն պահել այդ խնդիրներից, չի ստացվի, թեկուզ հենց այն պատճառով, որ շատ հարցերում բանակում էլ են եղել ու կան այդ խնդիրներն ու երևույթները՝ կոռուպցիա, վատնումներ, պաշտոնական դիրքի չարաշահումներ, օլիգարխ գեներալներ և այլն, և այլն։ Սրանք էլ հո իր պատասխանատվության ներքո են եղել։
Տեսքստն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 1240 անգամ